Մայիսին տոնական օրերին հրադադար հաստատելու վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը շարունակում է արդիական մնալ: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Սակայն եթե Կիևի ռեժիմի կողմից փոխադարձություն չլինի, ապա անհապաղ համարժեք պատասխան կտրվի»,- ասել է նա։
Պեսկովը հավելել է, որ Կրեմլը Կիևի իշխանություններից դեռ չի լսել հրադադարին միանալու պատրաստակամության մասին հայտարարություն:
Հիշեցնենք, ո Պուտինը Մեծ հայրենական պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարությունների կապակցությամբ առաջարկել է եռօրյա հրադադար հաստատել:
Ինչպես հաղորդել էր Կրեմլի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հումանիտար նկատառումներով կդադարեցնեն ռազմական գործողությունները լույս մայիսի 8-ի կեսգիշերից մինչև լույս մայիսի 11-ի կեսգիշեր:
«Այս ընթացքում բոլոր ռազմական գործողությունները դադարում են: Ռուսաստանը կարծում է, որ ուկրաինական կողմը պետք է հետևի այս օրինակին: Կիևի կողմից հրադադարի խախտման դեպքում ռուսական զորքերը կտան համարժեք և արդյունավետ պատասխան: Մոսկվան ևս մեկ անգամ հայտարարում է իր պատրաստակամությունը խաղաղ բանակցություններին առանց նախապայմանների՝ ուղղված ուկրաինական ճգնաժամի բուն պատճառների վերացմանը և միջազգային գործընկերների հետ կառուցողական փոխգործակցությանը», - ասված էր հաղորդագրությունում։
Աղբյուրը՝ Tert.am