Foto

Հայ ժողովրդի ներսում չպետք է լինեն դավաճաններ․ Սեմյոն Բաղդասարով (տեսանյութ)

Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության ժխտման հնարավոր հետևանքները: Փորձագետի կարծիքով՝ առաջին դասը, որ պետք է քաղել 110-ամյա վաղեմության ողբերգական իրադարձություններից, այն է, որ հայ ժողովրդի ներսում չպետք է լինեն դավաճաններ:

«Մարդիկ, որոնք շահադիտական նպատակներով դավաճանում են սեփական ժողովրդին՝ զբաղեցնելով բարձր պաշտոններ, պետք է հեռանան։ Եթե խոսենք ժամանակակից Հայաստանի մասին, ապա հանրապետության ղեկավարության մակարդակով էլ կան նման ֆիգուրներ, որոնցից պետք է ազատվել։ Հաջորդ տարին կարևոր է լինելու երկրի համար։ 2026 թվականին գործող իշխանությունը պետք է հեռանա խաղաղ, առանց մայդանների և ցնցումների։ Գլխավոր եզրակացությունն այսօր նրանց դեմ համախմբվելու անհրաժեշտությունն է»,-հայտարարել է Բաղդասարովը։

Անդրադառնալով ցեղասպանության ժխտման ֆոնին Հայաստանի և Թուրքիայի մերձեցման հնարավորությանը՝ փորձագետը նշել է․

«Ո՛չ, դա անհնար է։ Զոհը չի կարող ներել դահիճին և դրա վրա հիմնել մտերմություն։ Դահիճը պետք է ներողություն խնդրի։ Եվ միայն դրանից հետո կարելի է խոսել հրադադարի մասին։ Ես, օրինակ, չեմ հավատում, որ թուրքերի և հույների միջև կարող է խաղաղություն լինել, նույն կերպ չեմ հավատում թուրքերի և հայերի միջև խաղաղությանը։ Կան բաներ, որոնք երբեք չեն մոռացվում։ Սկզբի համար Թուրքիան պետք է ճանաչի ցեղասպանությունը, հրապարակավ ներողություն խնդրի և փոխհատուցում վճարի զոհերի ժառանգներին։ Միայն այդ դեպքում է հնարավոր երկխոսություն, ահակառակ դեպքում՝ ոչ»,-նշել է Բաղդասարովը։

Ըստ փորձագետի՝ Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկված ժողովուրդները պետք է միավորվեն։

«Միջազգային հանրությունը երբեք միասնական ճակատով հանդես չի գա։ Յուրաքանչյուր ժողովուրդ պետք է ինքնուրույն պաշտպանի իր շահերը։ Մենք ապրում ենք իրական աշխարհում, և այդ պատճառով Օսմանյան կայսրությունում ցեղասպանություն վերապրած ազգերը պետք է համակարգեն իրենց ջանքերը, հասնեն արդարության և ճնշում գործադրեն, այլ ոչ թե անգործության մատնվեն՝ կարծելով, որ ամեն ինչ ինքնըստինքյան կլուծվի։ Դահիճներին ներել կարող են միայն դավաճանները»,-եզրափակել է Բաղդասարովը։