Այսօր աննախադեպ նախաձեռնության մեկնարկ ենք տվել՝ ուղղված Հայաստանի բարձր լեռնային գետային էկոհամակարգերում կարմրախայտի բնական պաշարների վերականգնմանը, այս մասին հայտարարել է Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
Նա նշել է, որ երկար տարիների ընթացքում առաջին անգամ, ձկնատեսակի վերարտադրությանն ուղղված հետևողական աշխատանքների արդյունքում, Գետիկ գետ է բաց թողնվել շուրջ 20 000 կարմրախայտի մանրաձուկ։
«Մանրաձկներն աճեցվել են «Սևանի իշխան» ՓԲԸ-ի մանրաձկան արտադրության գործարանում՝ Հայաստանի տարբեր գետային էկոհամակարգերից հավաքագրված կարմրախայտի մայրական կազմից։
Ծրագիրը շարունակական է լինելու՝ տարեցտարի ընդլայնելով ինչպես մանրաձկների բացթողնման աշխարհագրությունը, այնպես էլ դրանց քանակը։
Սա կարևոր քայլ է Հայաստանի գետային էկոհամակարգերի կենսաբազմազանության վերականգնման, կարմրախայտի բնական պաշարների համալրման և մեր բնական ժառանգության պահպանության ուղղությամբ»,- նշել է նախարարը։









