Foto

Եվրոպայի 12 երկրում ձերբակալել են 120 միլիոն եվրոյի լվացման մեջ կասկածվող 21 անձի

Եվրոպական իրավապահ մարմինները կազմակերպված ֆինանսական հանցավորության դեմ պայքարի լայնածավալ գործողության շրջանակում ձերբակալել են 21 կասկածյալի։ Չորեքշաբթի խուզարկություններ են անցկացվել 12 երկրի ավելի քան 300 հասցեներում, հինգշաբթի հայտնում է dpa-ն՝ վկայակոչելով Գերմանիայի կենտրոնական հատվածում գտնվող Թյուրինգիա դաշնային երկրամասի քրեական ոստիկանության վարչությանը։

Գործողության ընթացքում առգրավվել են բազմաթիվ փաստաթղթեր և տվյալների կրիչներ, խոշոր չափի կանխիկ գումար, ոսկերչական իրեր և շքեղ դասի ավտոմեքենաներ։ Միջոցառումներին մասնակցել են մի քանի երկրի ոստիկաններ, մաքսավորներ և դատախազներ։ Հիմնական ուշադրությունը կենտրոնացվել է Գերմանիայի ամենաբնակեցված դաշնային երկրամասի՝ Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի վրա, որտեղ մոտ 100 խուզարկություն է անցկացվել։

Գործողություններ են իրականացվել նաև Բելգիայում, Նիդերլանդներում, Ֆրանսիայում, Իտալիայում, Էստոնիայում և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում։ Ընդհանուր առմամբ դրանց ներգրավվել է իրավապահ մարմինների ավելի քան 3000 աշխատակից։

Քննության վարկածով՝ ձերբակալվածները հանցավոր կազմակերպության անդամներ են, որը խարդախ սխեմայի միջոցով առնվազն 120 միլիոն եվրո է լվացել։

Ենթադրվում է, որ այդ նպատակով Գերմանիայում գործել է առնվազն 22 կարճաժամկետ գործող կեղծ ընկերություն, որոնք հաշիվներ են ներկայացրել իրականում չմատուցված ծառայությունների դիմաց։

Բացի դրանից, կասկածյալները մեղադրվում են առնվազն 18,9 միլիոն եվրոյի հարկերի վճարումից խուսափելու մեջ։