Երեքշաբթի՝ նոյեմբերի 24-ին, Արևմտյան Աֆրիկայի ափերից մեկնած 14 նավակներով իսպանական Էլ Հիերո կղզի է ժամանել 1971 ներգաղթյալ։ Նրանց թվում եղել են առնվազն 203 կին և 137 անչափահաս, այդ թվում՝ ընդամենը չորս օր առաջ Ատլանտյան օվկիանոսում ծնված մի աղջիկ։ Ներգաղթյալներից մեկը մահացել է, հայտնում է EFE գործակալությունը՝ վկայակոչելով արտակարգ ծառայությունների տվյալները։
Սա համապատասխան վիճակագրության վարման սկզբից ի վեր մեկ օրվա ընթացքում Իսպանիայի տարածք ժամանած ներգաղթյալների ռեկորդային թիվ է։ Նախորդ առավելագույն ցուցանիշը գրանցվել էր նոյեմբերի 14-ին, երբ Էլ Հիերո, Գրան Կանարիա և Տեներիֆե կղզիներ էր տեղափոխվել 1580 մարդ։ Մինչ այդ ռեկորդը սահմանվել էր 2020 թվականին․ նոյեմբերի 7-ին փրկարարներն օգնություն էին ցուցաբերել 1461 ներգաղթյալի։
Երեքշաբթի ժամանածների մեծ մասը Գամբիայից, Սենեգալից, Գվինեայից, Գվինեա Բիսաուից, Բուրկինա Ֆասոյից, Մավրիտանիայից և Մալիից են։ Փրկվածների թվում է եղել նաև Եմենից մի փախստական։
Շատ ներգաղթյալներ Ատլանտյան օվկիանոսում անցկացրել են հինգից ինը օր։ Որոշ նավակներ հայտնաբերվել են կղզուց տասնյակ կիլոմետրեր հեռավորության վրա։ Դրանցից մեկը, որում եղել է 172 մարդ, նրանց թվում՝ նորածին աղջիկը, փրկարարները հայտնաբերել են Էլ Հիերոյից մոտ 70 կմ հեռավորության վրա։ Եվս մեկ նավակով ժամանել է 126 մարդ։ Փրկարարական գործողություններին մասնակցել են Իսպանիայի ծովային փրկարար ծառայությունները։
14 նավակներից վերջինը Լա Ռեստինգա նավահանգիստ է ժամանել տեղական ժամանակով 21։20-ի սահմաններում։ Դրանում եղել են Սենեգալի 62 քաղաքացիներ, նրանց թվում՝ տասը անչափահաս։ Ուղևորներից մեկին ափ են տեղափոխել արդեն մահացած վիճակում։ Եվս մի քանիսին բժշկական օգնություն է պահանջվել՝ հիմնականում գերսառեցման պատճառով։ Կանանցից մեկն ավելի վաղ հոսպիտալացվել էր ծանր գերսառեցմամբ։
Կանարյան կղզիները շարունակում են մնալ Արևմտյան Աֆրիկայից Եվրոպա անօրինական միգրացիայի հիմնական երթուղիներից մեկը։ EFE-ի տվյալներով՝ նոյեմբերին ժամանումների ինտենսիվությունն այնքան բարձր է եղել, որ այս երթուղում նոր ռեկորդներ են սահմանվում մեկ շաբաթից փոքր-ինչ ավելի ընդմիջումներով։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հույս է հայտնել, որ առաջիկա շաբաթներին Էլ Հիերո ժամանող ներգաղթյալներով նավակների թիվը կնվազի։









