Foto

Միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ կանխելու Արցախի հայկական ժառանգության ոչնչացումը

Արցախ Միության, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի և «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ-ի համագործակցությամբ պատրաստվել և հրապարակվել է նոր փաստահավաք զեկույց՝ նվիրված Ադրբեջանի կողմից Արցախում հայկական հետքի ոչնչացմանը և բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքի խոչընդոտներին։ Այս մասին հայտնել են միությունից:

Զեկույցի հեղինակները փաստագրել են հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացման ու ձևափոխման, ինչպես նաև բնակելի թաղամասերի և ամբողջական բնակավայրերի հիմնահատակ ավերման բազմաթիվ դեպքեր։ Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են համացանցում հրապարակված տեսանյութերն ու լուսանկարները, միջազգային լրատվամիջոցների հետաքննական հրապարակումները, ինչպես նաև համադրվել են տարբեր ժամանակահատվածներում արված արբանյակային պատկերները։

Առանձին անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից իրականացվող այսպես կոչված «Մեծ վերադարձ» ծրագրի շրջանակում հայկական բնակավայրերի ապօրինի վերաբնակեցման գործընթացին և դրա ծանր հետևանքներին՝ տեղահանված արցախցիների իրավունքների տեսանկյունից․

Մի շարք բնակավայրերում քանդված հայկական տների տեղում կառուցվում են նոր շինություններ, իսկ որոշ վայրերում ամբողջական թաղամասեր հողին են հավասարեցվում։

Սեփական տների և գույքի կորուստը տեղահանված բնակիչներին զրկում է իրենց համայնքներում վերահաստատվելու նյութական հիմքից։

Հոգևոր և մշակութային ժառանգության վերացմամբ խաթարվում են համայնքային հիշողությունը պահպանելու, ինչպես նաև հավատքն ու ազգային ավանդույթները հաջորդ սերունդներին փոխանցելու նախադրյալները։

Զեկույցում ընդգծվում է, որ Ադրբեջանը մարդու իրավունքների այդ խախտումներն ու հանցագործությունները կատարում է ոչ միայն միջազգային նորմերի, այլև հենց արցախցիների իրավունքների վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի մի շարք հրամանների կոպտագույն խախտումներով: Փաստաթուղթը շեշտադրում է, որ վերադարձի իրավունքի իրականացումը ենթադրում է բռնի տեղահանված արցախցիների համար իրական և երաշխավորված հնարավորություն՝ ապրելու սեփական հայրենիքում, պահպանելու իրենց ինքնությունը և վերականգնելու համայնքային կյանքը։

Հեղինակ կազմակերպությունները կոչ են անում միջազգային հանրությանն ու իրավասու կառույցներին գործուն և անհապաղ քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հայկական ժառանգության ու սեփականության հետագա ոչնչացումը, ապահովելու դրա պահպանությունն ու հասանելիությունը Արցախի ժողովրդի համար, ինչպես նաև պաշտպանելու նրանց՝ անվտանգ և արժանապատիվ պայմաններում հայրենիք վերադառնալու անքակտելի իրավունքը։

Զեկույցի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ»,- նշված է զեկույցում։