«Ինտեր Մայամիի» ավագ Լիոնել Մեսսին հայտնվել է վիճահարույց դրվագի կենտրոնում՝ MLS-ի փլեյ-օֆֆի առաջին խաղում «Կոլումբուս Քրյուից» կրած 0։3 հաշվով պարտության ժամանակ։
Միջադեպը տեղի է ունեցել առաջին խաղակեսի վերջնամասում, երբ «Ինտեր Մայամին» պարտվում էր 0։1 հաշվով և մնացել էր տասը ֆուտբոլիստով։ Մեսսին պատրաստվում էր արագ իրացնել նետումը, սակայն մրցակցի հարձակվող Գոնսալո Տապիան մոտեցել է նրան՝ խոչընդոտելով խաղի վերսկսմանը։ Արգենտինացին գնդակով հարվածել է Տապիայի դեմքին, ինչից հետո վերջինս ընկել է խոտածածկին։
Հանդիպման գլխավոր մրցավար Ալեն Չեփմենը դեղին քարտ է ցույց տվել երկու ֆուտբոլիստներին էլ։ Խաղից հետո «Կոլումբուս Քրյուի» գլխավոր մարզիչ Լորան Կուրտուան դժգոհություն է հայտնել մրցավարության վերաբերյալ՝ պնդելով, որ Մեսսին պետք է հեռացվեր խաղադաշտից։
«Բոլորը գիտեն, որ նա պետք է ավելի խիստ պատժվեր, քան դեղին քարտն է։ Դա պարզապես շատ տխուր է»,— նշել է Կուրտուան։
Ավելի ուշ Չեփմենը պաշտպանել է իր որոշումը՝ բացատրելով, որ կիրառված ուժն աննշան է եղել, և դրվագը չի համապատասխանել բռնի վարքագծի համար սահմանված չափանիշներին։
Անհաջող դասավորված խաղում հաշիվը 9-րդ րոպեին 11-մետրանոցից բացել էր հենց Տապիան, իսկ 36-րդ րոպեին «Ինտեր Մայամիի» պաշտպան Գոնսալո Լուխանը երկրորդ դեղին քարտն էր ստացել ու հեռացվել։ Երկրորդ խաղակեսում «Կոլումբուսը» զարգացրել է հաջողությունը․ 52-րդ րոպեին աչքի է ընկել Տահա Հաբրունը, իսկ 58-րդ րոպեին Տապիան ձևակերպել է դուբլ։
Այս հաղթանակով «Կոլումբուս Քրյուն» առաջ է անցել փլեյ-օֆֆի դիմակայությունում (մինչև երկու հաղթանակ)։ Շարքի երկրորդ հանդիպումը կկայանա նոյեմբերի 27-ին՝ Կոլումբուսում։ Սեփական հարկի տակ հաղթելու դեպքում տանտերերը կապահովեն հաջորդ փուլի ուղեգիրը, իսկ MLS-ի գործող չեմպիոն «Ինտեր Մայամիին» պայքարը շարունակելու համար անհրաժեշտ է միայն հաղթանակ։
Հավելենք, որ հանդիպումից առաջ Լիոնել Մեսսիին էր հանձնվել MLS-ի կանոնավոր առաջնության «Ոսկե խաղակոշիկը»․ արգենտինացին երկրորդ տարին անընդմեջ դարձել էր մրցաշարի լավագույն ռմբարկու՝ խփելով 26 գոլ։
Աղբյուրը`ArmSport.am









