Foto

Ֆլորիդայից հովիվը մեղավոր է ճանաչվել Հայիթիի նախագահի սպանության նպատակով դավադրության մեջ

ԱՄՆ դատարանը հայիթիական ծագմամբ ամերիկացի հովիվ Քրիստիան Էմանուել Սանոնին մեղավոր է ճանաչել 2021 թվականին Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանությանն առնչվող մեղադրանքի բոլոր ութ կետերով։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում։

CBS News-ի տվյալներով՝ վճիռը կայացվել է չորեքշաբթի՝ Մայամիի դաշնային դատարանում ութ շաբաթ տևած դատավարությունից հետո։ Սանոնի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը շարունակում է պնդել իր անմեղությունը և մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը։

67-ամյա Սանոնը մեղադրվում էր Մոիզին պաշտոնանկ անելու և նախագահական իշխանությունը զավթելու նպատակով դավադրությանը մասնակցելու մեջ։ Ըստ մեղադրող կողմի՝ հովիվը մտադիր էր անձամբ գլխավորել Հայիթին՝ հետագայում Ֆլորիդայում գործող անվտանգության ընկերությանն ապահովելով շահավետ պետական պայմանագրերով։

Դատախազները պնդում էին, որ Սանոնն իր հայրենիքում քաղաքական հավակնություններ ուներ և 2021 թվականի ապրիլին հանդիպել էր մի քանի ենթադրյալ հանցակիցների հետ՝ մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում նախագահական պալատի զինված գրավման ծրագիր մշակելու համար։

Դավադրության մասնակիցների թվում էին Counter Terrorist Unit Federal Academy և Counter Terrorist Unit Security ընկերությունների ղեկավարները։ Վերոնշյալ ընկերությունները համատեղ հայտնի են որպես CTU։ Քննության վարկածով՝ ենթակառուցվածքային նախագծերի, ինչպես նաև անվտանգության ուժերի և անհրաժեշտ սարքավորումների տրամադրման պետական պայմանագրերի դիմաց նրանք պետք է ֆինանսավորեին հեղաշրջումը։

Սակայն մի քանի ամիս անց հանցակիցները հանգել էին այն եզրակացության, որ Սանոնը չունի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ «ո՛չ սահմանադրական հիմքեր, ո՛չ հանրային աջակցություն», և անցել էին մեկ այլ թեկնածուի։ Դրա մասին հայտնել էին ԱՄՆ արդարադատության նախարարությունից։

Մինչդեռ Մոիզին իշխանությունից բռնի հեռացնելու սկզբնական ծրագիրը վերածվել էր նրան սպանելու դավադրության, պնդում էին քննիչները։

2021 թվականի հուլիսի 6-ին կոլումբիացի վարձկանների խումբը ներխուժել էր նախագահական պալատ և գնդակահարել Մոիզին։ Նրա կինը՝ Մարտին Մոիզը, նույնպես վիրավորվել էր։ Հարձակումից հետո նա հայտարարել էր, որ հարձակվողներն իր ամուսնուն փամփուշտներով մաղել են։

Հետաքննության շրջանակում պարզվել են դավադրության տասնյակ ենթադրյալ մասնակիցների ինքնությունները, որոնք, ըստ մեղադրող կողմի, համակարգել են ֆինանսավորումը, ինչպես նաև զենքի և վարձկանների տեղափոխումը Հայիթի։ Սանոնին և մի քանի այլ կասկածյալների ձերբակալել էին Հայիթիի իշխանությունները, իսկ երեք վարձկան զոհվել էր ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ։ 2021 թվականի սեպտեմբերին 18 մարդու տեղափոխել էին Ֆլորիդա՝ դատավարության համար։

Այս տարվա սկզբին ևս չորս տղամարդու, նրանց թվում՝ CTU ընկերությունների ղեկավարներին, մեղավոր էին ճանաչել դավադրությանը մասնակցելու մեջ։ Սանոնը պետք է նրանց հետ կանգներ դատարանի առաջ, սակայն նրա գործով դատավարությունը հետաձգվել էր առողջական վիճակի պատճառով։

Մոիզի սպանությունը Հայիթին ներքաշեց տևական քաղաքական ճգնաժամի մեջ, որն ուղեկցվեց զինված ավազակախմբերի ուժեղացմամբ։ Ամերիկայի ամենաաղքատ երկիր համարվող Հայիթին մի քանի տարի շարունակ տառապում է ավազակախմբերի լայնածավալ բռնություններից։ Տեղական իշխանություններին օգնելու համար ուղարկված միջազգային ուժերը չեն կարողացել վերահսկողություն հաստատել հանցավոր խմբավորումների ազդեցության տակ գտնվող բոլոր տարածքներում։

ՄԱԿ-ի տվյալներով՝ մինչև սեպտեմբերի 11-ն ընկած մեկ տարվա ժամանակահատվածում Հայիթիում բռնությունների հետևանքով ավելի քան 5700 մարդ է սպանվել կամ վիրավորվել։

Երկրում նախագահական ընտրությունները նախատեսված են հաջորդ տարի։ Այս շաբաթ սպանված նախագահի այրին՝ հարձակման ժամանակ տուժած Մարտին Մոիզը, հայտարարել է իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին։

Սանոնը ծնվել է Հայիթիում, սակայն դեռահաս տարիքում տեղափոխվել է ԱՄՆ։ Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ դատարանում նա պատմել է, որ աշխատել է մի քանի նահանգների, այդ թվում՝ Ֆլորիդայի հայիթիացի ներգաղթյալների համայնքների եկեղեցիներում։