Foto

ՀԱՊԿ–ը երբեք չի եղել Հայաստանի պաշտպանը և չի լինելու. ճիշտ կլինի դուրս գալ այնտեղից. քաղտեխնոլոգ

ՀՀ գործող իշխանությունների հետ կապված ոչ մի հույս չկա, պարզապես Ռուսաստանը և ՀԱՊԿ–ի ղեկավարությունը չեն ուզում վերցնել պատասխանատվություն իրենց վրա, որ հետո Հայաստանի իշխանությունները չասեն՝ տեսեք, մեզ հեռացրեցին, մենք չէինք մեղավորը, իրենք էին մեղավորը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու Հայաստանին չհեռացրեցին ՀԱՊԿ–ից, այլ միայն ձայնի իրավունքից զրկեցին՝ հաշվի առնելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մշտապես հայտարարում է, որ մեր հետաքրքրությունները ՀԱՊԿ-ի հետ կապված սպառված են։

«Այսինքն երկու կողմերն էլ չեն ուզում վերցնել պատասխանատվությունը, ՀԱՊԿ ասում է՝ դուք ուզում եք, դուրս եկեք ձեր գործն է։ Իշխող քաղաքական թիմն ասում է՝ մենք չենք վերադառնալու ՀԱՊԿ։

ՀԱՊԿ երբեք չի եղել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կամ անվտանգության երաշխավորը, ոչ ապրիլյան պատերազմի ժամանակ, ոչ 44 օրյա պատերազմի ժամանակ։ ՀԱՊԿ-ը ստեղծվեց զուտ նրա համար, որովհետև արևմտյան երկրները ունեին ՆԱՏՕ, այստեղ էլ Ռուսաստանը փորձեց ինքը ստեղծել մի ՀԱՊԿ, նախկին ԽՍՀՄ հանրապետությունների որոշ երկրներից բաղկացած, որպես հակակշիռ ՆԱՏՕ-ին, որ տեսեք, ես էլ եմ ուժեղ երկիր, ունեմ ռազմաքաղաքական դաշինք։

Բայց ՆԱՏՕ-ի անդամ երկրները ունեն ընդհանուր ռազմական շահ, ռազմական հետաքրքրություն, ինչը երևաց Ուկրաինայի դեպքում։ ՀԱՊԿ-ը այդ խնդիրը չունի, ՀԱՊԿ-ը ունի երեք տարբեր ուղղություններ՝ ռուս-բելառուսական, որ ուղղված է ՆԱՏՕ-ի դեմ, ռուս–հայկական, որը իբրև թե պետք է ուղղված լիներ Թուրքիայի դեմ, բայց իրականում այդպես չէ, և երրորդը՝ Ռուսաստան-Կենտրոնական Ասիա, որը ուղղված է Աֆղանստանում գտնվող ահաբեկիչների դեմ։

Այս երեք ուղղությունները իրար հետ չեն միաձուլվում։ Օրինակ, ՀԱՊԿ անդամ երկու երկրներ՝ Ռուսաստանն ու Բելառուսը միլիարդավոր դոլարների զենք վաճառեցին Ադրբեջանին՝ գերազանց իմանալով, որ այդ զենքն օգտագործվելու է Հայաստանի դեմ։ ՀԱՊԿ անդամ Ղազախստանը և Ղրղզստանն էլ թյուրքալեզու երկրների կազմակերպության անդամ են, որը ընդգծված հակահայկական դիրքորոշում ունի։ Բնականաբար խոսել, որ ՀԱՊԿ-ը մեր դաշնակից է, այդպես չէ։

Մենք ՀԱՊԿ–ի հետ կապերը կտրելով ոչինչ չենք կորցնում, որովհետեւ 2020–ի պատերազմից հետո Սյունիքի և Հայաստանի Հանրապետության անվտանգության միակ երաշխավորը Իրանն է և Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսը, որոնք գտնվում են Արաքսից հարավ և որոնց առկայությունն է միայն, որ թույլ չի տալիս Ադրբեջանին ուժով վերցնել Սյունիքի մարզը, Վայոց ձորը, նաև Գեղարքունիքն ու դուրս գալ Սևանա լիճ։ Իրենք են պաշտպանում, ՀԱՊԿ–ը չի պաշտպանում»,–ասաց նա։

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ են Հայաստանին դեռ պահոեւմ ՀԱՊԿ–ում, Բադալյանը պատասխանեց. «Դա իրենց համար վարկանիշի հարց է։ Տեսեք, ՆԱՏՕ-ից ոչ մի երկրի չեն վտարել։ Հիմա կասեն՝ այդ ինչ դաշինք է, որի անդամին դուք վտարում եք։

Բացի այդ, հույս ունեն, որ երբ Հայաստանում իշխանափոխություն լինի, գա նոր ռուսամետ իշխանություն, որը անմիջապես կգնա ՀԱՊԿ-ի մեջ կմտնի, գումարը կտա և ձև կանի, թե ՀԱՊԿ-ը մեզ պաշտպանում է:

ՀԱՊԿ-ը ժամանակին պետք էր Հայաստանին զուտ նրա համար, որովհետև ՀԱՊԿ-ի անդամ երկիրը Ռուսաստանից մի քիչ ավելի էժան գներով զենք էր առնում, բայց դա չօգնեց, չէ՞։ Ապրիլյան պատերազմի ժամանակ էլ ՀԱՊԿ-ը որևիցե դերակատարություն չունեցավ։

Տրամաբանական կլինի, որ այսօրվա իշխանությունները ուղղակի ՀԱՊԿ-ից դուրս գան, որովհետև ՀԱՊԿ-ը մեզ ոչինչ չի տալիս, այն ստեղծում է բան պաշտպանության կեղծ պատկերացումներ է տալիս

ՀԱՊԿ–ը երբեք չի եղել Հայաստանի պաշտպանը։ Սա չի նշանակում, որ ՀԱՊԿ-ից պետք է դուրս գալ ու ՆԱՏՕ գնալ։ Ոչ, ՆԱՏՕ-ն էլ երբեք չի եղել մեր պաշտպանը ու չի լինելու, ոչ ՀԱՊԿ-ը, ոչ ՆԱՏՕ-ն։ Այնպես է ստացվել, որ այսօր Հայաստանի միակ ռազմաքաղաքական դաշինքը դա Իրանն է, որը բազմիցս ասել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը իր համար կարմիր գիծ է։

Երբ Հայաստանում լինի իրականում ազգային իշխանություն, առաջին քայլը պետք է լինի Իրանի հետ ռազմաքաղաքական դաշինքի ձևավորումը և ռազմական համագործակցությունը, որովհետև հայ-իրանական դաշինքը տարածաշրջանում մեծ փոփոխություններ կարող էր իրականացնել»,–ասաց նա։