ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը համապատասխանաբար ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը: Այս մասին տեղեկացնում են ՀԷՑ-ից:
Ստորագրման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը, Աբովյանի պետական էներգետիկական քոլեջի տնօրեն Գագիկ Մեհրաբյանը:
Կողմերը կհամագործակցեն էներգետիկայի ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման, կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդման և որակյալ մասնագետների պատրաստման ուղղությամբ: Աբովյանի պետական էներգետիկական քոլեջում նախատեսվում են մի շարք փոփոխություններ, այդ թվում՝ ուսումնագործնական միջավայրի և նյութատեխնիկական բազայի արդիականացում՝ ներառյալ ժամանակակից լաբորատորիաների, ուսումնական սարքավորումների և գործնական ուսուցման համար անհրաժեշտ պայմանների ձևավորումը: Կմշակվեն աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագիտական կրթական ծրագրեր, կընդլայնվեն դուալ կրթության հնարավորությունները՝ ապահովելով սովորողների գործնական հմտությունների զարգացումը, արտադրական միջավայրում ուսումնառությունը և գործատուի մասնակցությունը կրթական գործընթացում:
Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ կարևորելով այն հանգամանքը, որ նախաձեռնողը ոլորտի կարևորագույն կառույցն է: «Թեև քոլեջը տեղակայված է Աբովյանում, բայց այն պատրաստում է մեր ամբողջ հանրապետության ամենակարևոր ոլորտներից մեկը սպասարկող մասնագետների, և իսկապես, օրվա խնդիր է այս օրգանական կապի ստեղծումը: Մենք մեծ աշխատանք ենք սկսում, որի կրթական ծրագրերը պետք է լինեն էներգետիկ ոլորտի համար կարևոր բովանդակությամբ ու վերջնարդյունքներով»,- ասել է նախարարը: Նա հույս է հայտնել, որ համագործակցության այս ձևաչափն օրինակելի կլինի այլ գործընկերների համար ևս:
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Կառավարության ծրագրով նախատեսվում է 30 քոլեջների կառուցում, վերակառուցում, նոր գույքով հագեցում, և Աբովյանի պետական էներգետիկական քոլեջը ևս այս ցանկում է: Նպատակն է ունենալ ժամանակակից բոլոր պայմաններին համապատասխանող հագեցված միջավայր ու բարձրակարգ մասնագետներ պատրաստող ուսումնական հաստատություն: Այս համատեքստում կարևորվել է նաև «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքով սահմանված՝ աշխատանքի վրա հիմնված կրթության զարգացումը, ինչին էլ միտված է նաև հուշագրի ստորագրումը: Նախարարը հիշատակել է նաև գերակա ուղղություններով սովորողներին տրամադրվող 50.000 դրամի չափով կրթաթոշակի սահմանումը՝ որպես մոտիվացիա ուսանողների համար:
«Սա մասնագիտացված միակ քոլեջն է էներգետիկայի ոլորտում և մեզ համար ակնհայտ է, որ մասնագիտական ներուժի բավականին մեծ պակաս ունենք հենց նաև ՀԷՑ-ում։ Այս հուշագիրը զարգացման նոր շրջափուլ կբացի քոլեջի համար»,- ասել է Ռոմանոս Պետրոսյանը՝ շնորհակալություն հայտնելով համագործակցության համար: Նա հաստատել է իր պատրաստակամությունը ընդլայնելու ծրագրերի շրջանակը տարբեր ձևաչափերով՝ մինչև նույնիսկ կրթաթոշակների տրամադրում, որը կարևոր է սովորողների մոտիվացիայի բարձրացման նաև ՀԷՑ-ում աշխատելու հեռանկարի առումով:
Հուշագիրը ստորագրվել է՝ առանձնակի կարևորելով ՀԷՑ-ի մասնագիտական ներուժի, տեխնիկական հնարավորությունների և գործնական փորձի ներգրավումը մասնագիտական կրթության և ուսուցման գործընթացում: Շեշտադրված է նաև մանկավարժական աշխատողների և ոլորտի մասնագետների կարողությունների զարգացումը՝ ներառյալ վերապատրաստումների, մասնագիտական փոխանակումների և փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը։









