Իսպանիայի հյուսիսում գտնվող Օվիեդո քաղաքում բնակելի շենքի մուտքի մոտ ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունից մեկ ոստիկան է զոհվել, իսկ երկրորդը ծանր վիրավորվել է, հայտնել են տեղի ոստիկանության մամուլի ծառայությունից։
Իսպանական լրատվամիջոցների տվյալներով՝ տուժած ոստիկանը կորցրել է ոտքը։
Ոստիկանները բազմաբնակարան շենք են ժամանել վաղ առավոտյան, երբ տեղի բնակիչները հայտնել են բնակարաններից մեկում հնչած առնվազն երեք կրակոցի մասին։ Նախնական տվյալներով՝ տղամարդը մտադիր էր իր վիրավոր դստերը հիվանդանոց տեղափոխել։
La Voz de Asturias պարբերականը հայտնել է, որ կրակոցները հնչել են ընտանեկան վեճի ընթացքում, որից հետո կասկածյալը դիմել է փախուստի։
Դեպքի վայր ժամանած ոստիկաններն, ըստ նախնական տեղեկությունների, շենքի մուտքի մոտ պայթուցիկ սարքով ուսապարկ են հայտնաբերել։ Այն զննելու համար կանչել են սակրավորի և ծառայողական շան հետ աշխատող կինոլոգ-ոստիկանի։
Պայթյունը տեղի է ունեցել մասնագետների ժամանումից կարճ ժամանակ անց, երբ նրանք սկսել են զննել կասկածելի առարկան։ Հրապարակման պահին դեռ պարզ չէր՝ արդյոք պայթուցիկ սարքն ու բնակարանում հնչած կրակոցները կապ ունե՞ն միմյանց հետ։
Ոստիկանությունը շրջափակել է տարածքը և կասկածյալին հայտնաբերելու լայնածավալ գործողություն սկսել։ Որոշ տվյալներով՝ տղամարդը զինված է և, ենթադրաբար, կրակել է իր դստեր վրա։









