Foto

ՀԱՊԿ առաջնորդները կքննարկեն Հայաստանին պարտքի պատճառով ձայնի իրավունքից զրկելու հարցը․ Լավրով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարներին կներկայացվի որոշման նախագիծ Հայաստանի՝ կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ անդամավճարների գծով պարտքի պատճառով։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի արդյունքներով։

«Բացի կառուցողական հարցերից՝ մենք ստիպված եղանք քննարկել նաև ՀԱՊԿ կանոնադրությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների չկատարման հարցը՝ կապված մեր ընդհանուր կազմակերպության բյուջե կատարվող տարեկան անդամավճարների հետ», – ասել է Լավրովը։

Նախարարը նշել է, որ այս հարցում երկակի մեկնաբանությունների տեղ լինել չի կարող։

«2024 թվականից ի վեր՝ արդեն ավելի քան երկու տարի, Երևանը չի փոխանցում անդամավճարները։ Այդ կապակցությամբ բարձրացվել է Հայաստանի Հանրապետության նկատմամբ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի դրույթները կիրառելու հարցը։ Համապատասխան որոշման նախագիծը նախատեսում է կասեցնել Հայաստանի քաղաքացիների՝ կազմակերպության մարմիններում քվոտային պաշտոններում առաջադրվելու իրավունքը և զրկել Հայաստանին ձայնի իրավունքից՝ մինչև պարտքի ամբողջական մարումը։ Այս որոշման նախագիծը վաղը կքննարկվի նաև Հավաքական անվտանգության խորհրդի նիստում», – եզրափակել է Ռուսաստանի արտգործնախարարը։