Foto

Ծեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակել

Հոկտեմբերի 25-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արբաթ գյուղի 1-ին փողոցի վերջնամասում նույն գյուղի բնակիչներ 37-ամյա Արթուր Բ․-ի և 42-ամյա Արտյոմ Ա․-ի միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը Արթուր Բ․-ն սխալմամբ զանգահարել է Արտյոմ Ա․-ին, որի ընթացքում վերջինս սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Արթուր Բ․-ի հասցեին, որից հետո՝ ժամը 00։20-ի սահմաններում, Արտյոմ Ա․-ն պարզաբանումներ կատարելու նպատակով իրեն պատկանող «Kia» մակնիշի ավտոմեքենայով, ինքնությունները դեռևս չպարզված մի քանի անձանց հետ, գնացել է Արբաթ գյուղի 1-ին փողոցի հասցեներից մեկը, որտեղ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Արթուր Բ․-ի հասցեին, մի քանի անգամ ձեռքով հարվածել վերջինիս դեմքին և մարմնի տարբեր մասերին։ Դրանից հետո Արթուր Բ․-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեսնելով, որ Արտյոմ Ա․-ն չի հեռանում, Արթուր Բ․-ն ևս մեկ անգամ կրակել է գետնին՝ նրա ոտքերի ուղղությամբ, որից հետո Արտյոմ Ա․-ն կոտրել է Արթուր Բ․-ին պատկանող, կայանված վիճակում գտնվող և չշահագործվող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի հետևի լուսարձակը և դիմել փախուստի։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արթուր Բ․-ն խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով Մասիսի ոստիկաների կեղմից հայտնաբերվել եւ ձերբակալվել է։ Նա ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներին է ներկայացրել ատրճանակը և երկու չկրակված փամփուշտ, իսկ խուլիգանության մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, ինչպես նաև նրանց և Արտյոմ Ա․-ին հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ։

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։