Ի պատասխան մամուլում հրապարակվող ակնհայտ քաղաքական շահարկումների՝ տեղեկացնում եմ, որ Ուշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված, ճանապարհը եղել է երթևեկության նշաններով կահավորված, ինչն ակնհայտ է նաև դեպքի վայրից հրապարակված տեսանյութերում և լուսանկարներում, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Ինչ վերաբերում է բեռնատարի տեխզննման հարցին, ապա սխալ պնդում անելուց առաջ, օրինակ, կարելի էր ճշտել, արդյո՞ք ՀՀ-ում է գրանցված տվյալ փոխադրամիջոցը և ունի՞ ՀՀ հաշվառման համարանիշներ:
Բեռնատարը ՀՀ հաշվառում և ՀՀ պետհամարանիշներ չունի, հետևաբար ՏԿԵՆ-ի լիազորությունների տիրույթից դուրս է տվյալ փոխադրամիջոցի տեխզննման հարցը։
Ցավակցում եմ ողբերգական վթարի զոհերի հարազատներին, իսկ վթարից վթար ճանապարհային «փորձագետ» դարձողներին կոչ եմ անում չհրապարակել ակնհայտ կեղծ տեղեկատվություն»,-գրել է Խուդաթյանը։









