Foto

BMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառով

Գերմանական BMW ավտոարտադրողը տարվա ընթացքում երկրորդ անգամ նվազեցրել է շահույթի կանխատեսումը, գրում է The Guardian-ը։

Ընկերությունը դա բացատրել է վերակազմավորման ծախսերով, որը նախատեսում է աշխատատեղերի լայնածավալ կրճատում, ինչպես նաև չինական արտադրողների կողմից մրցակցության շարունակական ուժեղացմամբ։

BMW-ն ակնկալում է, որ վաճառքների շահութաբերությունն այս տարի կկազմի -0,5%-ից մինչև +0,5%։ Տարեսկզբին ընկերությունն ակնկալում էր 4–6% ցուցանիշ։ Վերակազմավորմանն առնչվող լրացուցիչ ծախսերը կկատարվեն չորրորդ եռամսյակում։ Ծրագրի շրջանակում BMW-ն նախատեսում է Գերմանիայում շուրջ 8 հազար աշխատատեղ կրճատել։

Չորեքշաբթի ընկերությունը հայտնել է, որ երրորդ եռամսյակում իր՝ մինչև հարկումը շահույթը տարեկան կտրվածքով նվազել է 11%-ով՝ հասնելով 2,1 միլիարդ եվրոյի։ Հասույթը կրճատվել է 6%-ով՝ հասնելով 30,4 միլիարդ եվրոյի, դրանց թվում՝ Չինաստանում վաճառքների անկման պատճառով։ Տարվա առաջին ինն ամիսներին դրանք այնտեղ նվազել են 22%-ով։

BMW-ի ղեկավար Միլան Նեդելկովիչը հայտարարել է, որ ավտոմոբիլային ոլորտի փոփոխությունները վճռական և արագ գործողություններ են պահանջում։ Ըստ նրա՝ ընկերությունը մտադիր է արագացնել կառուցվածքային վերափոխումները։ Չինաստանը, հավելել է նա, շարունակում է մնալ կոնցեռնի առանցքային շուկաներից մեկը։ Այս ամիս այնտեղ սկսվում է Neue Klasse մոդելային շարքի թարմացումը՝ iX3 էլեկտրամեքենայի թողարկմամբ։

BMW-ի վերակազմավորումը ներառում է ոչ միայն անձնակազմի կրճատում, այլև ավտոմեքենաների և տեխնոլոգիաների նախորդ սերունդների վրա կատարված ծախսերի մի մասի դուրսգրում՝ նոր սերնդի էլեկտրամեքենաներին անցնելու կապակցությամբ։ Ընկերությունը միաժամանակ մտադիր է արագացնել ղեկավար պաշտոնների կրճատումը։

Հիմնական ավտոմոբիլային բիզնեսի գործառնական շահութաբերությունը երրորդ եռամսյակում կազմել է 3,4%՝ նախորդ տարվա 5,2%-ի դիմաց։ Այդ ցուցանիշը գերազանցել է վերլուծաբանների ակնկալած 3,1%-ը։ Առանց վերակազմավորման ծախսերը հաշվի առնելու՝ շահութաբերությունը կգերազանցեր 2%-ը։

BMW-ն դարձել է գերմանական հերթական ավտոարտադրողը, որը չինական ընկերությունների հետ մրցակցության ֆոնին վատթարացրել է ֆինանսական կանխատեսումները։ Մեկ շաբաթ առաջ Mercedes-Benz-ը ևս նվազեցրել էր շահույթի կանխատեսումը։ Արևմտյան ավտոկոնցեռնները բախվում են Չինաստանում իրենց դիրքերի թուլացմանը և դեպի Եվրոպա չինական ավտոմեքենաների արտահանման աճին։