«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն տեղեկացնում է, որ նոյեմբերի 4-ին Համաշխարհային փառատոների ասոցիացիայի (WOFA) նախագահ Զորան Ստրեզովսկու անունից ստացել է պաշտոնական գրություն, համաձայն որի՝ կազմակերպչական կոմիտեն որոշել է ամբողջությամբ չեղարկել 2026 թվականի նոյեմբերի 27–30-ը Վիեննայում նախատեսված միջազգային փառատոնը։
Հիշեցնենք, որ WOFA-ն ավելի վաղ պաշտոնապես հրավիրել էր արցախյան երկու համույթների՝ «Մենք ենք, մեր սարերը» երգի-պարի համույթին և Արցախի ազգային նվագարանների նվագախմբին՝ մասնակցելու փառատոնին։ Սակայն հոկտեմբերին կազմակերպիչները չեղարկել էին համույթների մասնակցությունը՝ հղում անելով որոշ դեսպանատների առարկություններին և փոխանցելով քաղաքական բնույթի մեղադրանքներ՝ առանց դրանք հիմնավորող փաստեր կամ պաշտոնական փաստաթղթեր ներկայացնելու
Այդուհանդերձ, ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներում հրապարակվել են նաև նյութեր, որոնց հեղինակները կոչ են արել Ադրբեջանի պետական մարմիններին կանխել արցախյան մշակութային համույթների մասնակցությունը միջազգային փառատոններին՝ այդ մասնակցությունը ներկայացնելով որպես Արցախի հարցը միջազգային օրակարգում պահելու միջոց։ Նման հրապարակումները մտահոգիչ են, քանի որ մշակութային գործունեությունը դիտարկվում է քաղաքական հակադրության շրջանակում։
Տեղի ունեցածը հանրային լայն արձագանք ստացավ։ Խնդրին հետևողականորեն անդրադարձան հանրային գործիչներ, լրագրողներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, հասարակական և իրավապաշտպան կազմակերպություններ։









