Մոսկվայի հայկական եկեղեցու առաջնորդարանում` թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ, սկսվել է թեմի քահանաների տարեկան ժողովը:

Անդրադառնալով թեմի կրթական գործունեությանը՝ Եզրաս Սրբազանը նշել է, որ խրախուսում և աջակցում է ծուխերում կրթական նոր հաստատությունների ստեղծմանը և արդյունավետ գործունեությանը՝ որպես Հայ Եկեղեցու առաքելության կարևոր մաս:
Սրբազան Հոր խոսքով՝ կրթօջախները ոչ միայն հայերենի և քրիստոնեական ուսուցման կենտրոններ են, այլև սփյուռքում ընտանիքների համախմբման կարևոր միջոց։
Ռուսաստանում Հայ Եկեղեցու հովանու ներքո գործում է շուրջ 60 կրթական կենտրոն, որտեղ սովորում են ավելի քան երեք հազար տարբեր տարիքի հայեր:
Նշանակալի է Եզրաս Սրբազանի նախաձեռնությամբ բացված Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան հոգևոր ճեմարանի դերը, որը տարեցտարի համալրվում է Ռուսաստանի տարբեր քաղաքներից եկած նոր ուսանողներով։
Սբ. Գր. Նարեկացու անվան վարժարանը նույնպես սփյուռքում կազմակերպվող ազգային կրթական գործի կարևոր ձեռքբերում է:
Եզրաս Սրբազանն առաջիկա անելիքների թվում առանձնացրել է երիտասարդների հետ տարվող աշխատանքը՝ նրանց հոգևոր կրթության, հայերենի ուսուցման և եկեղեցական կյանքին ներգրավման ուղղությամբ։
Թեմում կյանքի է կոչվում նոր նախաձեռնություն. բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող հայ ուսանողներն ամեն շաբաթ եկեղեցու տարածքում հավաքվում են հայերեն սովորելու, ինչը վկայում է երիտասարդների շրջանում նման նախաձեռնությունների պահանջարկի ու կարևորության մասին։
Ժողովականներին հետաքրքիր հանդիպում էր սպասվում ՌԴ նախագահի աշխատակազմի ներքին քաղաքականության և կրոնական կազմակերպությունների հետ փոխգործակցության վարչության գլխավոր խորհրդական Ալեքսանդր Տերենտևի հետ: Հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են եկեղեցի-պետություն հարաբերությունները, տարբեր կրոնական կազմակերպությունների մասնակցությունը կրթական, հասարակական ոլորտներում:

«Մենք հասկանում ենք, որ ձեր ակտիվ կազմակերպչական աշխատանքի շնորհիվ է հաջողվել մեծ թվով մարդկանց միավորել եկեղեցու շուրջ, տեսնում ենք, որ Ռուսաստանում Հայ Եկեղեցու հեղինակությունը շարունակաբար աճում է: Մոսկվայի և մյուս հայաշատ քաղաքներում եկեղեցիները միշտ լի են հավատացյալներով, որոնք զորակցում են եկեղեցուն»,- իր խոսքում նշել է Ալեքսանդր Տերենտևը:









