ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հրամանով Կարեն Սարուխանյանը նշանակվել է Գյումրու ցանցի պետ։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ պաշտոնն ստանձնում է եռամսյա դադարից հետո։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ուղիղ եռամսյա դադարից և հանգստից հետո այսօրվանից, ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հրամանով, ստանձնում եմ Գյումրու ցանցի պետի պատասխանատու պաշտոնը։
Այս ընթացքում ստացել եմ աշխատանքի տարբեր առաջարկներ՝ թե՛ մասնավոր հատվածից, թե՛ պետական և համայնքային կառավարման ոլորտներից։ Սակայն նախընտրել եմ գործունեությունս շարունակել Գյումրիում՝ ծառայելով իմ քաղաքին ու գյումրեցիներին։
Ստանձնած պատասխանատվության լիարժեք գիտակցմամբ և հետևողական աշխատանքով շարժվում ենք առաջ՝ հանուն Գյումրու խաղաղ զարգացման»,- գրել է Սարուխանյանը։
Հիշեցնենք, որ Սարուխանյանը 2018 թվականի հունիսից մինչև 2019 թվականի հունվարը եղել է Շիրակի մարզպետ, հետո՝ Ազգային ժողովի պատգամավոր։ 2021 թվականի սեպտեմբերին նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, նույն տարվա դեկտեմբերի 6-ին ազատվել է այդ պաշտոնից։ 2025 թվականի դեկտեմբերին նա հայտարարել էր, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում չի ընդգրկվելու ՔՊ-ի նախընտրական ցուցակում, բայց շարունակելու է գործունեությունը կուսակցությունում։









