Foto

ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ճնշման ներքո Թրամփի վարչակազմը կարող է հաշված օրերի ընթացքում միջուկային հարված հասցնել Իրանին։ Այդ մասին հայտնել է ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը։

«Թիրախը կլինի Իրանի կենտրոնական հատվածում գտնվող Պիկաքս լեռը, որտեղ, իսրայելական հետախուզության պնդմամբ, Իրանի կառավարությունը վերսկսել է ուրանի հարստացման ծրագիրը։ Ամերիկյան զինանոցում առկա ոչ մի սովորական զենք ի զորու չէ ճեղքել 90 մետր հաստությամբ կարծր գրանիտը՝ ոչնչացնելու համար թունելները, որտեղ, ենթադրաբար, իրականացվում է հարստացումը։

Միակ ռազմական տարբերակը միջուկային հարվածն է։ Նեթանյահուն ամեն կերպ պնդում է դա։ «Բիբին այդ հարցով ամեն օր զանգում է Թրամփին»,- ասում է իրազեկ դիտորդը։ Նեթանյահուն անկյուն է քշված և հուսահատ վիճակում է։ Հաշվի առնելով անցյալ շաբաթվա ընտրությունների արդյունքները՝ նա չի կարողանա կառավարություն ձևավորել, եթե Թրամփն ուղղակիորեն չմիջամտի իսրայելական քաղաքականությանը և մյուս կուսակցությունների հետ չկնքի գործարք, որը Նեթանյահուին կապահովի 61 տեղ Քնեսեթում։ Հակառակ դեպքում նա կհեռացվի վարչապետի պաշտոնից, և նրան սպասում են խայտառակություն, հետաքննություններ և, հնարավոր է, ազատազրկում։

Նեթանյահուն պետք է մնա Թրամփի կողքին։ Նրան պետք է այս պատերազմը։ Այդ նպատակով նա առավելագույն ճնշում է գործադրել վարչակազմում իր ամենամոտ դաշնակիցների, այդ թվում՝ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի և ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հրամանատար Բրեդ Կուպերի վրա։ Երկուսն էլ դեմ են պատերազմը բանակցությունների միջոցով կարգավորելուն։

Երկուսն էլ պնդում են լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման անհրաժեշտությունը։

Միջուկային հարվածը կտրուկ կարագացնի ավերածությունները։ Պիկաքս լեռան վրա պայթյունի հետևանքով առաջացած ռադիոակտիվ տեղումները կաղտոտեն Պարսից ծոցը՝ թունավորելով ջուրը, որով ապահովվում է 100 միլիոն մարդ։ Եվ սրանք տարածաշրջանի համար անմիջական հետևանքներից ընդամենը մի քանիսն են»,- նշել է Կարլսոնը։