Foto

Շվեդիայում տեղի է ունեցել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի «Հավատք և կարգ» հանձնախմբի ժողովը. Մայր Աթոռից մասնակցել է Զաքարիա Սրբազանը

Հոկտեմբերի 25-ից Նոյեմբերի 1-ը Շվեդիայի Հյոր քաղաքում տեղի է ունեցել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) «Հավատք և կարգ» հանձնախմբի ժողովը, որին մասնակցում էին տարբեր եկեղեցիների ներկայացուցիչներ:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուց մասնակցում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության և Քարոզչական կենտրոնների տնօրեն Գերաշնորհ Տ. Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը:

Ժողովի ընթացքում քննարկվել են նախորդ տարիներին պատրաստված փաստաթղթերը, անդրադարձ է կատարվել Եկեղեցու տեսանելի միությանը հասնելու մարտահրավերներին, ժամանակակից աշխարհում խաղաղության, արդարության, հաշտության և մարդկային արժանապատվության պաշտպանության գործում Եկեղեցու կարևոր առաքելությանը, քրիստոնեական բարոյականությանն առնչվող ժամանակակից խնդիրներին, ինչպես նաև հոգևոր քարոզչական առաքելության մեջ ժամանակակից տեխնոլոգիաների գործածությանը:

Ժողովի մասնակիցները Լունդի համալսարանում մասնակցել են «Երբ աշխարհը փլուզվում է, եկեղեցիները միավորվում են» խորագրով միջազգային գիտաժողովին, իսկ Լունդի մայր տաճարում տեղի է ունեցել էկումենիկ աղոթք։