Արտյոմ Ստեփանյանին և ևս երեք զինծառայողի մեղադրանք է առաջադրվել պարտադիր ժամկետային զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանին ինքնասպանության հասցնելու համար։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից: Ըստ մեղադրանքի, Ստեփանյանը, ինչպես նաև նույն զորամասի զինծառայողներ Արման Հոբոսյանը, Մանվել Աֆրիկյանն ու Հովհաննես Դավթյանը, զինվորական ենթամշակույթում ձևավորված չգրված նորմերի ու բարքերի համաձայն՝ ծառայակիցների նկատմամբ զբաղեցրել են «բարձր» դիրք։
Նշված անձինք խմբով ՀՀ ՊՆ զորամասում նվաստացրել են նույն զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 7-րդ հրաձգային վաշտի 2-րդ հրաձգային դասակի 1-ին հրաձգային ջոկի հրաձիգ, շարքային Արամայիս Գևորգյանի անձնական պատիվն ու արժանապատվությունը, ինչի հետևանքով, ըստ մեղադրանքի, անզգուշությամբ վերջինիս հասցրել են ինքնասպանության։
Գործը մակագրվել է դատավոր Մերի Ալավերդյանին։
Ավելի վաղ News.am-ը հայտնել էր, որ Արամայիս Գևորգյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով 4 զինծառայող կալանավորվել է։
Հիշեցնենք, որ արցախցի 20–ամյա Արամայիս Գեւորգյանի դին հայտնաբերվել էր այս տարվա հունիսին Կապանի զորամասերից մեկում՝ կախված վիճակում։
Հասմիկ Սարգսյան









