ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ մասնակցել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանության և վերականգնմանն ուղղված ծրագրի հաստատման պաշտոնական արարողությանը։ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը (GEF) Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հիմնադրամի (GBFF) միջոցով հաստատել է Հայաստանին 1,4 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհի տրամադրումը։
«Մեր նախարարության կողմից՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ մշակված ծրագրով նախատեսվում է բարելավել «Սևան» ազգային պարկի կառավարումը, վերականգնել վնասված բնական միջավայրերը և ամրապնդել կենսաբազմազանության մոնիթորինգը։
Առանձնահատուկ կարևորում եմ համայնքների մասնակցությունը․ շուրջ 300 հազար ԱՄՆ դոլար նախատեսվում է ուղղել տեղական նախաձեռնություններին՝ բնության պահպանությունն ու համայնքների համար կայուն եկամտի հնարավորությունները համատեղելու նպատակով։
Սևանի պահպանությունը մեր առաջնահերթություններից է, և այս աջակցությունը ևս մեկ գործնական քայլ է այդ ուղղությամբ։
Շնորհակալ եմ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամին և Ասիական զարգացման բանկին՝ գործընկերության ու աջակցության համար»,- գրել է նախարարը։









