Foto

Հռոմի պապին խորհուրդ են տվել չթռչել ուղղաթիռով

Բժիշկները խորհուրդ են տվել Հռոմի պապ Լևոն XIV-ին, որը վերջերս թոքերի վիրահատության է ենթարկվել, առայժմ չօգտվել ուղղաթիռից՝ չնայած նրա արագ ապաքինմանը։

«Հռոմի պապը, ինչպես նախատեսված էր, անցել է կրծքավանդակի կրկնակի ռենտգենաբանական հետազոտություն։ Հետազոտությունը հաստատել է հետվիրահատական վերականգնման գերազանց ընթացքը։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ վիրահատությունից դեռ քիչ ժամանակ է անցել, բուժող բժիշկները, որպես նախազգուշական միջոց, նպատակահարմար են համարել հետաձգել հոկտեմբերի 27-ին նախատեսված ուղղաթիռային թռիչքը»,- ասվում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։

Այս առաջարկության պատճառով Լևոն XIV-ը չի կարողանա հոկտեմբերի 27-ին մեկնել Ասսիզի և մասնակցել «Անզեն և զինաթափող խաղաղություն» խորագրով հանդիպմանը, ինչպես նախատեսված էր։ Միջոցառումը նվիրված է Սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդի նախաձեռնած Խաղաղության համար համաշխարհային աղոթքի օրվա 40-ամյակին։ Այն կազմակերպում է Ասսիզիում գործող Սուրբ Էգիդիո կաթոլիկ համայնքը։

 71-ամյա Լևոն XIV-ի թոքից հեռացվել է ադենոկարցինոման՝ թոքի մի մասի հեռացմամբ։ Բժիշկների խոսքով՝ չարորակ գոյացությունը տեղայնացված է եղել, և լրացուցիչ բուժման անհրաժեշտություն չկա։

Նոյեմբերի սկզբին Հռոմի պապի համար նախատեսված է առաքելական այց Լատինական Ամերիկայի երկրներ՝ Ուրուգվայ, Արգենտինա և Պերու։ Այս պահին այդ ծրագրերում որևէ փոփոխություն չի կատարվել։