Foto

Ֆրանսիայում հայտնել են բողոքի ցույցերի մեկնարկից ի վեր թալանված խանութների թիվը

Ֆրանսիայում բողոքի ցույցերին հաջորդած անկարգությունների ընթացքում շուրջ 3 հազար առևտրային կետ թալանվել կամ ջարդուփշուր է արվել։ Այս մասին Europe 1 ռադիոկայանի եթերում հայտարարել է երկրի արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենը։

«Կարծում եմ՝ երբ թալանվել է 3 հազար խանութ, ձեռնարկատերերը միանգամայն իրավացի են՝ ասելով, որ պետությունը չի կատարել իր պարտականությունը»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսն էլ է ընդունել, որ բողոքի ցույցերի ընթացքում երկրում պատշաճ անվտանգություն չի ապահովվել։

Միևնույն ժամանակ Դարմանենը դեմ է արտահայտվել Ֆրանսիայում արտակարգ դրություն հայտարարելուն՝ նշելով, որ այդ քայլը կզրկի բոլոր ֆրանսիացիներին անձնական ազատություններից։

Ֆրանսիայում բողոքի ցույցերը սկսվել են սեպտեմբերի վերջին՝ կրթության ոլորտում առկա խնդիրների պատճառով ավագ դպրոցի աշակերտների կազմակերպած ցույցերով, ապա աստիճանաբար տարածվել ամբողջ երկրում։

Հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի փողոցներ է դուրս եկել ավելի քան կես միլիոն մարդ՝ այդ թվում ակտիվիստներ, երիտասարդներ, արհմիությունների և աշխատավորական շարժումների ներկայացուցիչներ։ Ցուցարարները բողոքել են վառելիքի գների բարձրացման և բնակչության գնողունակության նվազման դեմ։

Հոկտեմբերի 19-ին Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն հայտարարել էր, որ զանգվածային անկարգությունների պատճառով երկրում կարող է արտակարգ դրություն հայտարարվել։