Foto

COP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրը

Հոկտեմբերի 16-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նախագահել է Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովի երկրորդ լիագումար նիստը: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՄԱ նախարարությունից։
Նիստին ելույթներով հանդես են եկել ՄԱԿ-ի, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, տարբեր երկրների շրջակա միջավայրի ոլորտի նախարարներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև միջազգային ֆինանսական կառույցների, քաղաքացիական հասարակության և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։
Նիստի ավարտին ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին բովանդակալից քննարկումների և կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ ընդհանուր հանձնառության վերահաստատման համար՝ ընդգծելով գագաթնաժողովի քաղաքական նշանակությունը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջմղման տեսանկյունից։
ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը նախագահել է նաև գագաթնաժողովի եզրափակիչ նիստը, որի ընթացքում ներկայացվել են «Քաղաքական հրամայական. բնության պահպանում՝ հանուն խաղաղության, անվտանգության և զարգացման» և «Ֆինանսավորելով ապագան. ֆինանսական հոսքերի համապատասխանեցումը բնության համար դրական արդյունքներ ապահովող զարգացմանը» խորագրերով կլոր սեղան-քննարկումների հիմնական արդյունքները։

Գագաթնաժողովի հիմնական քաղաքական արդյունքն է դարձել «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրը, որն ամրագրել է կենսաբազմազանության պահպանության գլոբալ նպատակների իրականացմանն ուղղված քաղաքական հանձնառություններն ու առաջնահերթությունները։

Հռչակագրում վերահաստատվել է Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի արդյունավետ իրականացման հանձնառությունը՝ նպատակ ունենալով մինչև 2030 թվականը կանգնեցնել և շրջել կենսաբազմազանության կորստի միտումը, իսկ մինչև 2050 թվականը հասնել բնության հետ ներդաշնակ համակեցության տեսլականին։ Ընդգծվել է նաև գլոբալ շրջանակի իրականացման առաջընթացի առաջին գլոբալ վերանայման կարևորությունը՝ առկա բացերը բացահայտելու, հաշվետվողականությունն ամրապնդելու և հետագա գործողություններն արագացնելու տեսանկյունից։

Գագաթնաժողովի մասնակիցները կոչ են արել COP17-ի շրջանակներում ապահովել արդյունքահեն որոշումներ և Երևանում նախանշել գլոբալ շրջանակի 23 թիրախների իրականացման արագացման հստակ ուղիներ՝ գագաթնաժողովի քաղաքական ուղերձներն արտացոլելով համաժողովի արդյունքներում։

Առանձնահատուկ կարևորվել են կենսաբազմազանության պահպանության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների մոբիլիզացումը, զարգացող երկրների կարողությունների ամրապնդումը և գիտատեխնիկական համագործակցության խորացումը։ Շեշտադրվել են նաև բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների, կանանց, երիտասարդների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի արդյունավետ մասնակցության ապահովումը, ինչպես նաև գենետիկական ռեսուրսների թվային հաջորդականության տեղեկատվության օգտագործումից ստացվող օգուտների արդար և հավասար բաշխումը։