Ուկրաինայում ընտրությունների անցկացումը ուկրաինական պետության պարտականությունն է՝ ըստ սահմանադրության, այլ ոչ թե Մոսկվայի պահանջը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Դիվանագետն ուշադրություն է հրավիրել Վլադիմիր Զելենսկու խոսքերին, ով հայտարարել էր, թե Մոսկվան շահագրգռված է Կիևում ղեկավարության փոփոխությամբ և կարող է դրա համար օգտագործել տարբեր գործիքներ, այդ թվում՝ ուժային:
«Իսկ Ուկրաինայի նորացված սահմանադրությո՞ւնն էլ է Մոսկվայի հուշումով ընդունվել։ Գուցե Կրեմլի ինչ-որ ձե՞ռք է այն գրել։ Որքան հիշում եմ, Ուկրաինայում շատ էին հպարտանում դրանով՝ սկսած Զելենսկուց։ Ի՞նչ է այնտեղ ասված ընտրությունների մասին։ Դա Ուկրաինա պետության պարտականությունն է՝ իր տարածքում ընտրություններ անցկացնելը։ Դա Ուկրաինայի ժողովրդի կողմից ընտրվածների պարտականությունն է՝ հետևել, թե ինչպես են գործում օրենքները՝ սկսած սահմանադրությունից»,- ասել է Զախարովան։
«Ամեն ինչ ներկայացվում է այնպես, իբր Մոսկվան է ստիպում Զելենսկուն վերընտրվել։ Դա հենց այն ժողովրդավարությունն է, որի մասին այդքան երազում էին Բանկովայում (Ուկրաինայի նախագահի նստավայրում) և որն այդքան խրախուսում էին Արևմուտքում։ Այն պետք է կատարվի իր հիմնարար նշանակությամբ»,- շարունակել է նա։









