Foto

Պլասիդո Դոմինգոն, Գեղամ Գրիգորյանի դուստրը և որդին՝ օպերայի բեմում․ հոբելյանական համերգ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա համաշխարհային տենոր, օպերային արտիստ Գեղամ Գրիգորյանի 75-ամյակին նվիրված գալա համերգ: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։

Համերգի հատուկ հյուրն է Գեղամ Գրիգորյանի վաղեմի ընկեր, բեմական գործընկեր, իսպանացի օպերային երգիչ (տենոր), դաշնակահար, դիրիժոր Պլասիդո Դոմինգոն: Պլասիդո Դոմինգոյի հետ նույն բեմում հանդես կգա Գեղամ Գրիգորյանի դուստրը՝ Հասմիկ Գրիգորյանը՝ մեր օրերի ամենաճանաչված օպերային երգչուհիներից մեկը։ Երեկոյի երաժշտական ղեկավարն ու դիրիժորը Գեղամ Գրիգորյանի ավագ որդին է՝ Վարդան Գրիգորյանը։
Համերգին ընդառաջ՝ Օպերային թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ մասնակցությամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի, տենոր Պլասիդո Դոմինգոյի, Գեղամ Գրիգորյանի զավակների՝ Հասմիկ Գրիգորյանի և Վարդան Գրիգորյանի:
Երևանը՝  դասական երաժշտության կենտրոն՝ COP17 համաժողովի մասնակիցների համար
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է մեծանուն արվեստագետների հոբելյաններն ըստ արժանվույն նշելը՝ ընդգծելով, որ նրանց թողած հոգևոր ժառանգությունը ուղենշային է հասարակության կյանքում:
«Այս օրերին, երբ Երևանը դառնում է համաշխարհային մայրաքաղաք՝ հյուրընկալելով նաև COP17 համաժողովը, կարծում եմ՝ Գեղամ Գրիգորյանի 75-ամյակին նվիրված այս հրաշալի համերգը, որը միավորել է օպերային արվեստի կարևորագույն ներկայացուցիչներին, մեր մայրաքաղաքը դարձնում է համաշխարհային դասական երաժշտության կենտրոն նաև Երևան ժամանող հյուրերի համար»,- ասել է նախարարը:
Ժաննա Անդրեասյանն առանձնակի շնորհակալություն է հայտնել Պլասիդո Դոմինգոյին և Գեղամ Գրիգորյանի ընտանիքին և Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի ղեկավարին՝  նախաձեռնության համար։
Արվեստը սահմաններ չի ճանաչում
«Մենք միշտ ուրախ ենք Ձեզ ողջունել Հայաստանում, և, վստահաբար, Գեղամ Գրիգորյանի հետ ձեր ունեցած մտերմությունը և համատեղ փորձառությունը Ձեր՝ այստեղ լինելու շատ կարևոր հավաստիքն են լինելու: Վստահ եմ՝ Ձեր արվեստի երկրպագուներին հրաշալի երեկո է սպասվում, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել: Երեկոյին առանձնահատուկ նշանակություն է հաղորդում նաև հենց ընտանիքի մասնակցությունը՝ այն դարձնելով ավելի ջերմ և հուզական։ Եվ, իհարկե, շնորհակալություն պարոն Դուրգարյանին, որը, ինչպես շատ հաճախ է լինում, միավորել է բոլորին Օպերային թատրոնի հյուրընկալ հարկի տակ՝ ևս մեկ անգամ ցույց տալով, որ արվեստը սահմաններ չի ճանաչում և ճիշտ արժեքների շուրջ համախմբվում են բոլորը»,- ասել է նախարարը և հավելել՝ համերգն անփոխարինելի փորձառություն և հնարավորություն է համաշխարհային աստղերի հետ նույն բեմում հանդես եկող երիտասարդ արտիստների համար։
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է նաև, որ Կառավարության և մշակութային հաստատությունների հետևողական քաղաքականության արդյունքում ընդլայնվում է մշակույթի ոլորտի միջազգային համագործակցությունը, ինչի ապացույցն է նաև Օպերային թատրոնում նախատեսվող այս համերգը: