Foto

Գյումրիում ապամոնտաժվում են կրպակներն ու բացօթյա առևտրի տաղավարները

hԳյումրիում ապամոնտաժվում են կրպակներն ու բացօթյա առևտրի տաղավարները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Գյումրիի համայնքապետարանից, ավտոկայանից դեպի Վարդանանց հրապարակ տանող ճանապարհահատվածի բարեկարգմանն ուղղված ապամոնտաժման աշխատանքներն ավարտվել են 3-4 օրում։ Աշխատանքներն իրականացվել են քաղաքապետարանի կոմունալ ծառայության տեխնիկայի ու բանվորների, ինչպես նաև ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժնի աշխատակիցների համատեղ ջանքերով։ Ապամոնտաժման աշխատանքներն ընդգրկել են նշված ճանապարհահատվածի՝ մինչև Տերյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածի աջ մայթը, որտեղ տեղակայված էին կրպակներ, կոշիկի և բջջային հեռախոսների վերանորոգման կետեր ու այլ տաղավարներ։

Տարածքից հեռացվել է շուրջ 20 կրպակ։ Դրանց մի մասն այլևս չէր շահագործվում, գտնվում էր հնամաշ վիճակում և չէր համապատասխանում քաղաքի բարեկարգ միջավայրին ներկայացվող պահանջներին։ Ապամոնտաժումից հետո տարածքը մաքրվել է քաղաքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցների կողմից։ Մայթերը մաքրվել են շինությունների մնացորդներից և աղբից։

Ներկայումս ճանապարհահատվածում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Դրանց ավարտից հետո տարածքում կձևավորվեն բարեկարգ մայթեր՝ ազատված հնամաշ կրպակներից և բացօթյա առևտրի տաղավարներից։

«Նման աշխատանքները շարունակական բնույթ են կրելու։ Հետագայում ապօրինի կամ քաղաքային միջավայրին չհամապատասխանող կրպակների ապամոնտաժման աշխատանքներ կիրականացվեն նաև Գյումրիի այլ հատվածներում»,-նշեցին Գյումրիի համայնքապետարանից։