Ամուլսարի ծրագրի ազդակիր երեք համայնքներին՝ Ջերմուկ, Վայք և Սիսիան, տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար։ Հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունը նաև պարտավորվել է 5 միլիոն դոլար հատկացնել «Ջերմուկ ազգային պարկի» ստեղծմանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի արարողությանը հայտարարեց «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գնել Սանոսյանը։Նրա խոսքով՝ ընկերությունը, Կառավարությունն ու ազդակիր երեք համայնքները վերջերս հստակեցրել են համայնքային աջակցության ծրագրի իրականացման պայմանները։
«Ոչ միայն հստակեցվեց, որ համայնքներին տարեկան կտրվի 7-ից մինչև 9 միլիոն դոլար գումար, այլ նաև հստակեցվեց ծրագրի մեթոդաբանությունը, ուղղությունները, աշխատանքի ձևաչափը։ Սա, կարծում ենք, անչափ կարևոր է»,– նշեց Սանոսյանը։Նա ընդգծեց մարզպետարանների ու համայնքապետարանների մասնակցությունը համատեղ աշխատանքին՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կարևորելով առաջիկա տարիներին համայնքների զարգացման համար։
Անդրադառնալով բնապահպանական ուղղությանը՝ Սանոսյանը հայտնեց, որ ազգային պարկի ստեղծման ծրագիրն արդեն որոշակի ընթացք ունի։ Ընկերության նախատեսած 5 միլիոն դոլարի աջակցությունը, նրա խոսքով, ուղղվելու է այդ նախաձեռնությանը, որը ներառում է բնապահպանական բազմաթիվ կարևոր ուղղություններ։Սանոսյանը նաև շնորհակալություն հայտնեց ծրագրի իրականացմանը մասնակցած պետական գերատեսչություններին և գործընկերներին՝ հիշեցնելով, որ հանքավայրի շահագործման մեկնարկին նախորդել են մեծածավալ աշխատանք, բազմաթիվ դժվարություններ և երբեմն անլուծելի թվացող խնդիրներ։
«Մեր նպատակն է ամբողջովին նոր որակի խոսք ասել Հայաստանում հանքարդյունաբերության ուղղությամբ։ Ես համոզված եմ՝ մեր թիմը տրամադրված է, որ այդպես կլինի, այդպես կանենք»,– եզրափակեց նա









