Foto

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, սակայն Քննչական կոմիտեն չի հստակեցնում՝ որ իրավական հիմքով է այն քննվում՝ սպանությա՞ն, թե ինքնասպանության։

«Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն»,- 24News-ի հետ զրույցում հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Հիշեցնենք՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է զինծառայողի մահվան մասին տեղեկությունը։

Գերատեսչության հաղորդմամբ՝ հոկտեմբերի 10-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ղ.-ի դին՝ հրազենային վնասվածքով։ Զինծառայողի ընտանիքը սահմանված կարգով տեղեկացվել է դեպքի մասին։

Դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու նպատակով քննություն է ընթանում։

Պաշտպանության նախարարությունը վշտակցություն և զորակցություն է հայտնել զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։

Ըստ ոչ պաշտոնական տվյալների դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան՝Վարդենիսի զորամասում։

Հասմիկ Անտոնյան