Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը․
«Քաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ»,- ասված է ԵՄ պատվիրակության շնորհավորական ուղերձում։
Դեսպանությունը նշել է, որ ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակում աջակցություն է ցուցաբերվել Երևանի ջրամատակարարման բարելավմանը, կլիմայի և էներգետիկայի ոլորտում նախաձեռնությունների իրականացմանը, հանրային շենքերի արդիականացմանն ու էներգաարդյունավետության բարձրացմանը։
Աջակցություն է ցուցաբերվել նաև մայրաքաղաքային տրանսպորտի արդիականացմանն ու օդի որակի բարելավմանը՝ «Մաքուր օդ՝ հանուն առողջության և կանաչ աճի Հայաստանում» (EU4Clean Air) ծրագրի շրջանակում։ Վերջինիս միջոցով աջակցություն է տրամադրվել օդի որակի մոնիթորինգի կայանների ստեղծմանն ու համապատասխան քաղաքականության մշակմանը։
ԵՄ պատվիրակությունը հայտնել է, որ շարունակելու է աշխատել՝ նպաստելու Երևանի կայուն զարգացմանը, բնակիչների համար նոր հնարավորությունների ստեղծմանն ու Եվրոպայի հետ կապերի ամրապնդմանը։
«Շնորհավոր ծնունդդ, 2808-ամյա Երևան»։









