Foto

Արևմտյան հատուկ ծառայությունները կարող են օգտագործել Հայաստանում գործող տվյալների կենտրոնը․ Շևցով

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը հայտարարել է, որ Հայաստանում գործող նոր տվյալների կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների շահերից ելնելով՝ Ռուսաստանի, Իրանի և այլ երկրների դեմ։

«Նման կենտրոնները կարող են օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների շահերից բխող վերլուծական և հետախուզական աշխատանքներ իրականացնելու համար, այդ թվում՝ Իրանի, Ռուսաստանի, ինչպես նաև Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի պետությունների դեմ»,- լրագրողներին ասել է Շևցովը։

Նա այսպես է մեկնաբանել օգոստոսի սկզբին Հրազդան քաղաքում NVIDIA-ի պրոցեսորներով աշխատող՝ Firebird AI ընկերության արհեստական բանականության տվյալների կենտրոնի բացումը։

ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալի խոսքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Firebird ընկերությունը ենթարկվում է ամերիկյան օրենսդրությանը, ԱՄՆ հատուկ ծառայությունները կարող են հասանելիություն ստանալ նրա սերվերներում մշակվող բոլոր տվյալներին։
«Սա նշանակում է, որ հայկական պետական կառույցների, ընկերությունների և քաղաքացիների տվյալները հասանելի կլինեն ԱՄՆ-ին՝ առանց հայկական իշխանությունների համաձայնության»,- նշել է Շևցովը։