Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպան Մայքլ Մավրոսին։
Նախագահը շնորհավորել է դեսպանին և Կիպրոսի ժողովրդին՝ ընդգծելով Հայաստանի և Կիպրոսի միջև ձևավորված պատմական բարեկամությունն ու փոխադարձ համերաշխությունը։ Նա կարևորել է Կիպրոսի՝ որպես Հայաստանի վստահելի գործընկերոջ դերը և շնորհակալություն հայտնել դժվարին ժամանակներում ցուցաբերված շարունակական աջակցության համար։
Դեսպան Մայքլ Մավրոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար՝ ընդգծելով երկկողմ հարաբերությունների հետագա խորացման և համագործակցության նոր ուղղությունների զարգացմանն ուղղված իր պատրաստակամությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի երկկողմ օրակարգի մի շարք հարցեր։ Կողմերը կարևորել են համագործակցության զարգացումը քաղաքական, տնտեսական, կրթական և այլ ոլորտներում՝ ընդգծելով առկա ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը։









