Foto

«Նոլո» փոթորիկն ուժեղացել է Խաղաղ օվկիանոսում՝ դառնալով երրորդ կարգի

Շաբաթ օրը «Նոլո» փոթորիկը Խաղաղ օվկիանոսում արագորեն ուժեղացել է մինչև երրորդ կարգ, սակայն վտանգ չի ներկայացրել Հավայան բնակեցված կղզիների համար։ Կայուն քամու արագությունը հասել է 185 կմ/ժ-ի, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի Փոթորիկների ազգային կենտրոնին։

Երեկոյան «Նոլո»-ն գտնվել է Լիսիանսկի կղզուց մոտ 320 կմ դեպի հարավարևմուտք և շարժվել դեպի արևմուտք՝ մոտ 31 կմ/ժ արագությամբ։ Փոթորիկն անցնում էր Հավայան հիմնական կղզիներից և բնակեցված շրջաններից բավական հեռու։

Արևադարձային փոթորկի նախազգուշացում է հայտարարվել Պապահանաումոկուակեա ծովային ազգային հուշարձանի համար՝ հսկայական պահպանվող տարածք Հավայան կղզիների հյուսիս-արևմտյան մասում, որը ներառում է փոքր կղզիներ, ատոլներ, ստորջրյա լեռներ, խութեր և ծանծաղուտներ։ Նախազգուշացումը տարածվում է Մարո խութից մինչև Լիսիանսկի կղզի ընկած հատվածի վրա։

Փոթորիկների ազգային կենտրոնը նախազգուշացրել է, որ «Նոլո»-ի առաջացրած խոշոր ալիքները կարող են հեղեղել որոշ ցածրադիր ատոլներ։ Միաժամանակ կանխատեսումը վտանգ չի նախատեսում բնակեցված կղզիների համար։

Ակնկալվում է, որ կիրակի օրը «Նոլո»-ն կհատի ամսաթվերի փոփոխության միջազգային գիծը։

Մեկ շաբաթ առաջ փոթորիկն արդեն անցել էր Հավայան կղզիների մերձակայքով, որից հետո թուլացել էր մինչև արևադարձային փոթորիկ։ Ուրբաթ օրը «Նոլո»-ն կրկին ուժ է հավաքել և վերածվել փոթորկի, ապա շարունակել արագորեն ուժեղանալ։

Միևնույն ժամանակ Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում առաջին կարգի «Ռեյչել» փոթորիկը շարժվում էր դեպի արևմուտք՝ հեռանալով Մեքսիկայի ափերից։ Դրա պատճառով երկրի կենտրոնա-արևմտյան հատվածի ափերին մինչև հանգստյան օրերի ավարտը, իսկ Բահա Կալիֆոռնիա թերակղզում՝ մինչև երկուշաբթի, կանխատեսվում էր վտանգավոր ալեկոծություն։