«Հրապարակ»-ը գրում է․
Սպիտակ տան Հավատքի հարցերի գրասենյակի ավագ խորհրդական Փոլա Ուայթ–Քեյնին, որ այս օրերին Հայաստանում է եւ երեկ մասնակցել է Աղոթքի նախաճաշի մեկնարկային միջոցառմանը:
Նա, ինչպես եւ սպասվում էր, չի դատապարտել ՀՀ իշխանությունների՝ եկեղեցու եւ վեհափառի դեմ ավելի քան մեկ տարի ձգվող արշավը։ Սա նշանակում է, որ «առաջադեմ» Արեւմուտքը կանաչ լույս է վառում կաթողիկոսին ամեն գնով գահընկեց անելու Փաշինյանի ապազգային ծրագրի առջեւ։ Նախօրեին Փաշինյանն էր հյուրընկալել ամերիկացի պաշտոնյային եւ կառավարության հաղորդագրությունից արդեն պարզ էր ԱՄՆ–ի վերաբերմունքը Հայաստանում կատարվող զազրելի իրադարձություններին․ «Տիկին Ուայթ-Քեյնը նշել է, որ շահագրգիռ են սերտորեն համագործակցել ինչպես ՀՀ Կառավարության, այնպես էլ ԱՄՆ-ի հայ հոգևոր առաջնորդների հետ», նշված է հանդիպման մասին տարածած հաղորդագրությունում, որում ինչպես երեւում է խոսք չկա Հայ Առաքելական եկեղեցու մասին, ընդհանրական նշվում է միայն «հայ հոգեւոր առաջնորդների» մասին, որոնք, ի դեպ, կարող են տարբեր կրոնական կազմակերպությունների առաջնորդներ լինել։
Որքան էլ տարակուսելի է՝ իշխանությունների՝ եկեղեցու նկատմամբ պահվածքը չի դատապարտել նախաճաշի մասնակից հոգեւորականը, մեզ պատմեցին, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացնող Դանիել եպիսկոպոս Ֆընտգյանը բավականին զուսպ եւ զգուշավոր ելույթ է ունեցել՝ պարբերաբար ընդգծելով, թե եկեղեցու եւ կառավարության փոխհարաբերությունները պետք է լինեն կառուցողական դաշտում: Հիշեցնենք, որ «Աղոթքի նախաճաշը» Հայաստանում անցկացվում է արդեն երկրորդ անգամ։ Առաջին անգամ այն մեր երկրում անցկացվեց անցյալ տարի՝ նոյեմբերի 14-15-ը, այս տարի հոկտեմբերի 2-3-ին է։ Անցյալ տարի ամերիկյան Christian Prayer Breakfast-ի մոդելով ՀՀ իշխանությունների կազմակերպած «Աղոթքի նախաճաշի» մի քանի մասնակիցներ երկրի ղեկավարությանը կոչ էին արել ազատ արձակել Հայ առաքելական եկեղեցու ձերբակալված հոգևորականներին:
Հոկտեմբերի 2-3-ին Երևանում նախատեսվող հավաքը լինելու է Հայաստանում աղոթքի երկրորդ նախաճաշը, իսկ դրա օրակարգը, ըստ կազմակերպիչների, ներառելու է ոչ միայն կրոնական թեմաներ, այլև միջազգային կրոնական ազատությունը, Մերձավոր Արևելքի համայնքների ապագան, Երուսաղեմի հայկական ժառանգությունը, քրիստոնեական զբոսաշրջությունը, էթիկական տնտեսագիտությունը և արհեստական բանականության զարգացման հետ կապված բարոյական ու հոգևոր հարցերը»։
Չնայած այս «նախաճաշին» նախորդող օրերին Բաքվից հնչող ռազմատենչ՝ Արցախի հայկական քրիստոնեական ժառանգությունը յուրացնելու ցանկության մասին հայտարարություններին, Երեւանում ընթացող Աղոթքի նախաճաշի օրակարգում չկա Արցախում մնացած եկեղեցիների հարցը։
Հիշենք, որ Ալիևի օգնական Հաջիևը օրերս հայտարարեց, որ քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինը ընդունվել է Կովկասյան Ալբանիայում, որը ոչ թե հայերի, այլ ադրբեջանցիների հայրենիքն է։ Ալիեւի օգնականը նաեւ երկրում հավատարմագրված տասնյակ դիվանագետների Լեռնային Ղարաբաղ ուղեկցելու ժամանակ, պնդել էր, թե Գանձասարն ու Դադիվանքը աղվանական եկեղեցիներ են: Իսկ Գանձասար այցի ընթացքում ծաղրող մեկնաբանություններ էր արել հայկական հին ձեռագրերի վերաբերյալ: Բացելով գրքերի մակետները՝ Հաջիևը դիվանագետներին ցույց էր տվել դատարկ էջերը, ինչին ներկաները ծիծաղով էին արձագանքել:









