Foto

Ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով՝ «եկեղեցում առկա ճգնաժամն» ուսումնասիրելու նպատակով

Ազգային Ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարություն է տարածել «եկեղեցու ճգնաժամի» վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին:

Ռուբինյանի տարածած հայտարարության մեջ ասվում է.

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի և 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրելու նպատակով, իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի հերթական նիստում»: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արման Եղոյանը գլխավորելու է «Եկեղեցու ճգնաժամը» քննող ԱԺ քննիչ հանձնաժողովը:

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եկեղեցու հարցով պետք է ստեղծվի Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով: Ըստ Փաշինյանի՝ քննիչ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում պետք է մշակվեն օրենսդրական նախաձեռնություններ՝ դադարեցնելու «եկեղեցու բռնազավթումը»:

Փաշինյանի խոսքով՝ հավատացյալները պետք է լիարժեք մասնակցություն ունենան եկեղեցու կառավարմանը:

Կառավարության ղեկավարը շարունակում է պնդել, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսը պետք է հեռանա, և թե դրա համար ձեռնարկելու է բոլոր հնարավոր միջոցները: