Սեպտեմբերի 12–20-ը Լեհաստանում անցկացվեց Գդանսկի ամենամյա միջազգային պարի 18-րդ փառատոնը, որի շրջանակում սեպտեմբերի 14–17-ը տեղի ունեցավ ժամանակակից պարի մենապարերի միջազգային մրցույթը։ Այս տարի հայ խորեոգրաֆ, ռեժիսոր և պարուհի Ռիմա Պիպոյանը հրավիրված էր փառատոնի միջազգային ժյուրիի կազմում։
Փառատոնի շրջանակում` սեպտեմբերի 18-ին, նա նաև ներկայացրեց իր երկու բեմադրությունները՝ «Խալի» և «Ոսկորը», որոնք ներկայացրեց Rima Pipoyan Dance Company-ն։ Ներկայացումները արժանացան հանդիսատեսի և ոլորտի մասնագետների բարձր գնահատականին։

Ի դեպ, ներկայացումները մինչ այդ արդեն իսկ ցուցադրվել են միջազգային հարթակներում, ինչպես օր՝ Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Գերմանիայում, Բուլղարիայում և այլն։ Բացի բեմադրություններից, Ռիմա Պիպոյանը փառատոնի մասնակիցներին և հանդիսատեսին ներկայացրեց իր մասնագիտական գործունեությունը և ցուցադրեց իր երկու կարճ պարային ֆիլմերը։ Գդանսկի փառատոնի հետ Ռիմա Պիպոյանի համագործակցությունը նոր չէ։ Դեռևս 2018 թվականին նրա «Կինը որոշում կայացնելուց առաջ» մենապարը փառատոնի շրջանակում արժանացել էր միանգամից երկու մրցանակի՝ հանդիսատեսի համակրանքի մրցանակին և երրորդ մրցանակին։
Այս տարվա ժամանակակից պարի մենապարերի մրցույթին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած 23 պարողներ։ Մասնակիցները ներկայացնում էին Հունաստանը, Լեհաստանը, Լիտվան, Արգենտինան, Սլովակիան, Թայվանը, Ֆինլանդիան, Իտալիան, Ավստրիան,Գերմանիան, Ռումինիան, Պորտուգալիան, Բուրկինա Ֆասոն, Սլովենիան, Իսպանիան և այլ երկրներ։









