Foto

ՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումները

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի նախագահությամբ սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը։

Նախարարությունից հայտնում են՝ քննարկման առանցքում Երևանում խցանումների նվազեցման և երթևեկության բեռնաթափման հնարավոր լուծումներն ու այդ ուղղությամբ համատեղ աշխատանքների հեռանկարներն էին։

ՆԳ նախարարի տեղակալը նշել է, որ խցանումները ոչ միայն դժվարացնում են քաղաքացիների տեղաշարժը, այլև անդրադառնում են ճանապարհային երթևեկության անվտանգության վրա։ Կարևորելով խնդրի համապարփակ դիտարկումն ու շահագրգիռ կառույցների համատեղ աշխատանքը՝ նա ներկայացրել է ինչպես ՆԳ նախարարության մանդատի շրջանակում, այնպես էլ գործընկեր կառույցների հետ համագործակցությամբ իրականացվող միջոցառումները։

Անդրադառնալով փոխվարչապետի գլխավորությամբ ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեությանը՝ Արմեն Մկրտչյանը նշել է, որ քաղաքաշինության, կրթության, տարածքային կառավարման և այլ ոլորտների, ինչպես նաև մասնավոր հատվածի ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվում են խցանումների նվազեցմանն ուղղված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ լուծումներ։

Ներկայացնելով կարճաժամկետ միջոցառումները՝ փոխնախարարն անդրադարձել է երթևեկության կազմակերպման փոփոխություններին, գծանշումների վերանայմանը, երկրորդ շարքում և չթույլատրված վայրերում տրանսպորտային միջոցների կայանման հետևանքով առաջացող խոչընդոտների վերացմանն ու այլ հարցերի։

Երկարաժամկետ լուծումների համատեքստում Արմեն Մկրտչյանը կարևորել է հանրային տրանսպորտի գրավչության բարձրացումը, հետիոտնի տեղաշարժի, հանրային տրանսպորտի և հեծանվային երթևեկության համար բարենպաստ պայմանների ստեղծումն ու դրանց առաջնահերթության ապահովումը։ Քննարկվող մոտեցումների թվում են նաև ճանապարհային ենթակառուցվածքների զարգացումն ու մայրաքաղաքի մուտքերի մոտ ավտոկայանատեղիների ստեղծումը։ Նշվել է, որ այդ լուծումները պահանջում են հետագա հստակեցում, ծավալուն աշխատանք և ֆինանսական ներդրումներ։

Անդրադարձ է կատարվել նաև երթևեկությանը խոչընդոտող խախտումների համար պատասխանատվության խստացմանն ուղղված՝ ՆԳ նախարարության մշակած նախագծին։ Փոխնախարարն ընդգծել է, որ առաջարկվող փոփոխությունների նպատակը ոչ թե վարչարարությունն է, այլ խախտումների կանխումը․ պատասխանատվության միջոցները պետք է ունենան բավարար զսպիչ ազդեցություն և նպաստեն վարորդների վարքագծի փոփոխությանը։

Ծավալվել է ակտիվ հարցուպատասխան, որի ընթացքում քննարկվել է պատասխանատվության խստացման ակնկալվող արդյունավետությունը։ Կարևորվել է դրան զուգահեռ ենթակառուցվածքային և կազմակերպչական լուծումների իրականացումը։ Ներկայացվել են նաև այլընտրանքային տրանսպորտի զարգացմանն ուղղված առաջարկություններ։

Խորհրդի անդամները կարևորել են երկարաժամկետ ծրագրերի իրականացումն ու քաղաքային արդյունավետ պլանավորումը՝ հաշվի առնելով նաև միջազգային լավագույն փորձը։

Մասնակիցներն անդրադարձել են կառուցապատման ծավալների, փողոցների թողունակության և կայանատեղիների բավարարության փոխկապակցվածությանը։ Քննարկվել են նաև արտակարգ իրավիճակներում խցանումների հետևանքով առաջացող հնարավոր ռիսկերը, մասնավորապես՝ տարհանման կազմակերպման և ճանապարհային ենթակառուցվածքների անխափան գործարկման հետ կապված հարցերը։

Նախարարի տեղակալը պատրաստակամություն է հայտնել խորհրդի անդամների բարձրացրած հարցերն ու առաջարկները փոխանցելու համապատասխան մարմիններին և ներկայացնելու միջգերատեսչական աշխատանքային խմբի քննարկմանը։