«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը վերացվել է։ Այս մասին 24News-ին հայտնեցին Հակակոռուպցիոն դատարանից։
Դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ, Ալեքսան Ալեքսանյանի և Նարեկ Կարապետյանի գործով սեպտեմբերի 16-ին դատական նիստ է եղել, որի ընթացքում պաշտպանները, հիմք ընդունելով Նարեկ Կարապետյանին ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ստրասբուրգ գործուղելու մասին ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ՝ սեպտեմբերի 15-ի կարգադրությունը, միջնորդել են վերացնել Կարապետյանի նկատմամբ որպես այլընտրանքային կիրառված ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը։
Նարեկ Կարապետնանի պաշտպան Արմեն Ֆերոյանը ևս 24News-ին հայտնեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց բացակայելու արգելքը վերացվել է, մնացել է միայն գրավ խափանման միջոցը:
Դատարանը բավարարել է միջնորդությունը։
Դատական հաջորդ նիստը նշանակված է սեպտեմբերի 30-ին։









