2020թ․ սեպտեմբերի 27-ին՝ առավոտյան ժամը 07:10-ին, թուրք–ադրբեջանական ահաբեկչական տանդեմը լայնածավալ ու նախապես ծրագրված պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ։ Պատերազմի առաջին իսկ վայրկյանից Բաքվի բռնապետական վարչակարգի զինված ուժերի թիրախում էին քաղաքացիական բնակչությունն ու կենսական ենթակառուցվածքները։
Հրթիռակոծվում ու ռմբակոծվում էին քաղաքներ ու գյուղեր, սպանվում ու վիրավորվում էին խաղաղ քաղաքացիներ, այդ թվում՝ երեխաներ։ Մի շարք զինծառայողներ դաժանաբար խոշտանգվեցին, իսկ մարտադաշտում կիրառվեցին միջազգային իրավունքի կողմից արգելված զինատեսակներ։
Թուրք–ադրբեջանական հանցավոր տանդեմի հարվածների տակ հայտնվեցին հիվանդանոցներ, այդ թվում՝ Ստեփանակերտի նորակառույց ծննդատունը, որը երկու անգամ ենթարկվեց թիրախային հարձակման։ Թիրախավորվեցին նաև բազմաթիվ ուսումնական հաստատություններ, դպրոցներ, մանկապարտեզներ, մշակույթի տներ և մշակութային կենտրոններ։ Կրակի տակ հայտնվեցին պատմամշակութային հուշարձաններ, սրբավայրեր և քաղաքացիական այլ օբյեկտներ։ Համակարգված ոչնչացվում էին ժողովուրդների հիշողությունն ու ինքնությունը մարմնավորող սրբությունները։
2020թ․ հոկտեմբերի 8-ին գերճշգրիտ զենքով, նույն օրը երկու անգամ, Ադրբեջանի զինված ուժերը հարվածեցին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն, որի հետևանքով վիրավորվեցին նաև միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
2020թ․ պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում մնացել էր շուրջ 1500 հայկական պատմամշակութային հուշարձան, այդ թվում՝ 61 վանքեր և եկեղեցիներ, 591 խաչքարեր, Տիգրանակերտի, Ազոխի, Նոր Կարմիրավանի, Միրիկի և Կերենի հնավայրերը, բազմաթիվ բերդեր, ամրոցներ, սրբավայրեր և այլ հուշարձաններ, ինչպես նաև պետական ու մասնավոր թանգարաններ։ Այս ժառանգությունը ոչ միայն առանձին կառույցների ամբողջություն է, այլև Արցախի հայկական պատմական, հոգևոր և մշակութային ներկայության անբաժանելի վկայությունը։
Այս ամենը պատերազմական հանցագործությունների վառ օրինակներ են, որոնք չունեն վաղեմության ժամկետ, որը սահմանված է «Ռազմական հանցագործությունների նկատմամբ և մարդկության դեմ կատարված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» Ժնևի 1968 թվականի նոյեմբերի 26-ի կոնվենցիայով։ Կոնվենցիայի «Հոդված 1»-ում հստակորեն նշված է, որ վաղեմության ոչ մի ժամկետ, անկախ կատարման ժամանակից, չի կիրառվում հետևյալ հանցագործությունների նկատմամբ.
(ա) պատերազմական հանցագործությունների, ինչպես դրանք սահմանվել են Նյուրնբերգի Միջազգային ռազմական դատարանի 1945թ. օգոստոսի 8-ի կանոնադրությամբ և հաստատվել են Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1946թ. փետրվարի 13-ի 3 (I) և 1946թ. դեկտեմբերի 11-ի 95(I) բանաձևերով, մասնավորապես, Պատերազմի զոհերի պաշտպանության մասին 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաներում թվարկված «լուրջ խախտումների»,(բ) մարդկության դեմ ուղղված հանցագործությունների՝ անկախ նրանից, կատարվել են պատերազմի, թե՝ խաղաղ ժամանակ, ինչպես դրանք սահմանվել են Նյուրնբերգի Միջազգային ռազմական դատարանի 1945թ. օգոստոսի 8-ի կանոնադրությամբ և հաստատվել են Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1946թ. փետրվարի 13-ի 3(I) և 1946թ. դեկտեմբերի 11-ի 95(I) բանաձևերով, զինված հարձակման կամ բռնազավթման միջոցով արտաքսման և ապարտեիդի քաղաքականության հետևանքով անմարդկային գործողությունների ու ցեղասպանության հանցագործության, ինչպես սահմանված է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին 1948թ. կոնվենցիայում, եթե անգամ այդ գործողությունները չեն համարվում այն երկրի ներպետական իրավունքի խախտում, որտեղ դրանք կատարվել են (https://www.arlis.am/hy/acts/75845)։
2022թ․ Բաքվի վարչակարգը, կեղծ բնապահպանական պատրվակով, փակեց կյանքի երակը՝ Բերձորի միջանցքը, փաստացիորեն Արցախը շրջափակելով Հայաստանից և արտաքին աշխարհից, որը Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի բնորոշմամբ, սովամահության հասցնելով ցեղասպանական ակտ էր։ Դա հանգեցրեց հումանիտար ծանր աղետի։
2023թ․ սեպտեմբերին թուրք-ադրբեջանա-ահաբեկչական տանդեմը հերթական լայնածավալ պատերազմը սանձազերծեց ամբողջովին շրջափակված Արցախի Հանրապետության դեմ՝ բռնազավթելով ամբողջ Արցախը, իսկ արցախահայությունը բռնի տեղահանվեց իր հայրենի բնօրրանից։ Սա ոչ միայն էթնիկ զտում էր, այլև ցեղասպանության հերթական փուլ։
Արցախի բռնազավթումից հետո Ադրբեջանի բռնապետական վարչակարգը ձեռնամուխ եղավ հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացմանը։ Ընդամենը մի քանի տարում իրականացվող մշակութային ցեղասպանությունը վերածվել է 21-րդ դարի ամենախոշոր ու ամենաագրեսիվ հանցագործություններից մեկի։ Քանդվում, պղծվում և յուրացվում են եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր, գերեզմաններ, հուշարձաններ, հուշահամալիրներ, բնակելի թաղամասեր, ամբողջական բնակավայրեր ու մշակութային այլ արժեքներ։ Վտանգված են նաև պետական և մասնավոր թանգարանների հավաքածուները, հնագիտական հուշարձանները, բերդերն ու ամրոցները, սրբավայրերը և հայկական պատմական ներկայությունը վկայող այլ կառույցներ։ Բաքուն վերացնում է հայերի ներկայության բոլոր հետքերը։
Այս ամենը տեղի է ունենում միջազգային հանրության հանցավոր անգործության պայմաններում։ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն և այլ կառույցներ սահմանափակվել են միայն արարողակարգային հայտարարություններով՝ գործնականում լեգիտիմացնելով Բաքվի ահաբեկչական քաղաքականությունը։ Միջազգային արդարադատության բացակայությունը ոչ թե զսպում է, այլ քաջալերում է ալիևյան վարչակարգին նոր հանցագործությունների։
Առավել դատապարտելի է այն փաստը, որ Արցախի նկատմամբ իրականացված այս քաղաքականությունը չի սահմանափակվել ռազմական գործողությունների ժամանակ կատարված հանցագործություններով։ Այն շարունակական և համակարգված բնույթ է ստացել՝ վերածվելով մի ամբողջ ժողովրդի հայրենիքի, պատմական հիշողության, մշակութային ինքնության և ժառանգության ոչնչացման քաղաքականության։ Արցախի հայկական ժառանգության ոչնչացումը, եկեղեցիների, վանքերի, դպրոցների, մշակույթի տների և հուշարձանների պղծումը, գերեզմանների ոչնչացումը, հայկական տեղանունների ու պատմական հետքերի վերացումը չեն կարող ներկայացվել որպես առանձին կամ պատահական գործողություններ։ Դրանք պետք է դիտարկվեն Ադրբեջանի պետական քաղաքականության համատեքստում և ենթարկվեն միջազգային իրավական ու քաղաքական պատշաճ գնահատականի։
Բաքվի վարչակարգի գործողությունների առավել վտանգավոր կողմերից մեկն այն է, որ ռազմական ագրեսիային, շրջափակմանը, բռնի տեղահանությանը և մշակութային ժառանգության ոչնչացմանը զուգահեռ իրականացվում է պատմության վերաշարադրման և հայկական մշակութային ժառանգության յուրացման լայնածավալ քարոզչական քաղաքականություն։ Հանցագործությունից հետո հանցագործության հետքերը վերացնելու և սեփական կեղծ պատմական պատումը միջազգային հանրությանը պարտադրելու փորձը ոչ միայն ժառանգության դեմ ուղղված գործողություն է, այլև ապագա հանցագործությունների համար պատասխանատվությունից խուսափելու մեխանիզմ։
Միջազգային հանրության արձագանքի անբավարարությունը նույնպես չի կարող անտեսվել։ Երբ միջազգային կառույցները սահմանափակվում են ընդհանուր հայտարարություններով, իսկ իրականացված հանցագործությունների նկատմամբ չեն ապահովում արդյունավետ վերահսկողություն, փաստահավաքություն, անկախ մոնիթորինգ և պատասխանատվության մեխանիզմներ, ստեղծվում է վտանգավոր նախադեպ։ Անպատժելիությունը վերածվում է խրախուսման, իսկ միջազգային իրավունքի նորմերը՝ ընտրովի կիրառվող սկզբունքների։
Հատկապես անընդունելի է այն իրավիճակը, երբ մի կողմից միջազգային հանրությունը հայտարարում է մշակութային ժառանգության պաշտպանության և ցեղասպանությունների կանխարգելման մասին, իսկ մյուս կողմից թույլ է տալիս, որ ամբողջ ժողովուրդը բռնի տեղահանվի իր բնօրրանից, իսկ նրա հազարամյակների պատմական և մշակութային հետքերը համակարգված կերպով վերացվեն։ Մշակութային ժառանգության պաշտպանությունը չի կարող սահմանափակվել հայտարարություններով, երբ այդ ժառանգությունը գտնվում է ոչնչացման անմիջական վտանգի տակ։
Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման նկատմամբ լռությունը կամ կիսատ միջոցները փաստացիորեն թուլացնում են միջազգային իրավունքի կանխարգելիչ նշանակությունը։ Եթե նման գործողությունները չեն արժանանում համարժեք իրավական և քաղաքական արձագանքի, ապա վտանգվում է ոչ միայն Արցախի, այլև աշխարհի ցանկացած ժողովրդի մշակութային ժառանգության պաշտպանվածությունը։
Արցախի դեմ իրականացված ցեղասպանությունը և մշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը պետք է դառնան ոչ միայն իրավական, այլև քաղաքական պատասխանատվության հիմք՝ արդարության վերականգնման համար։ Պատասխանատվությունը պետք է տարածվի ոչ միայն անմիջական կատարողների, այլև համապատասխան պետական քաղաքականությունը մշակող, իրականացնող և դրա համար պայմաններ ստեղծող պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ՝ միջազգային իրավունքի համապատասխան մեխանիզմների շրջանակում։
Հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները երբեք չեն ունենա վաղեմության ժամկետ։ Պատմական ճշմարտությունը հնարավոր չէ ոչնչացնել հուշարձանների ոչնչացմամբ, իսկ արդարության պահանջը հնարավոր չէ լռեցնել քաղաքական հայտարարություններով։ Արցախի ժողովրդի և նրա մշակութային ժառանգության դեմ կատարված հանցագործությունների փաստագրումը, միջազգային հանրությանը ներկայացումը և իրավական պատասխանատվության պահանջը պետք է շարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ ապահովված չեն ճշմարտության, արդարության և պատասխանատվության հիմնարար պահանջները։









