Հայաստանում Նիդերլանդների դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը և ԵՄ անդամ մի շարք երկրների դեսպաններ Սյունիքի մարզպետարանում ամփոփել են «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում կատարված աշխատանքներն ու քննարկել հետագա առաջնահերթությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանում Նիդերլանդների դեսպանությունը։
«Այս հանդիպումները կարևոր հարթակ են ոչ միայն արդյունքներն ամփոփելու, այլև մեր գործընկերության հետագա ուղղությունները միասին նախանշելու համար։ Հատկապես արժեքավոր էր լսել մարզպետարանի տեսլականն այս հարցի շուրջ»,- նշել է Նիդերլանդների դեսպանը։
Այցի ընթացքում պատվիրակության անդամները եղել են Կապանում գործող կաթնամթերքի արտադրության ընկերությունում, ծանոթացել Լեհվազում խմելու ջրի հասանելիության բարելավման աշխատանքներին և այցելել «Մեղրի Ֆրութս» ընկերություն։
Դեսպանության տեղեկացմամբ՝ «Թիմ Եվրոպա»-ի աջակցությամբ «Մեղրի Ֆրութս»-ն ընդլայնել է արտադրությունը, ստեղծել նոր աշխատատեղեր և մուտք գործել արտահանման նոր շուկաներ։









