Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ շարունակվում են աշխատանքային հանդիպումները՝ նվիրված պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի նկատմամբ 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրական սահմանափակումներին։ Հանդիպումները կազմակերպվում են մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հաշվի առնելով դրանց վերահսկողական կարևոր դերակատարումը։
Աշխատանքային քննարկումներ են անցկացվել Գեղարքունիքի և Լոռու մարզպետարաններում։
Քննարկումների ընթացքում ներկայացվել են առևտրի օբյեկտներում պոլիէթիլենային տոպրակների և պարկերի, ինչպես նաև արգելվող պլաստիկ արտադրանքի շրջանառության սահմանափակմանն ուղղված օրենսդրական կարգավորումները։ Առանձին անդրադարձ է կատարվել նաև տեղական ինքնակառավարման մարմինների դերակատարությանը և առաջիկա անելիքներին՝ օրենքի պահանջների պատշաճ իրազեկման և արդյունավետ կիրարկման գործընթացում։
Նախարարության մասնագետները ներկայացրել են նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության տեսանկյունից առավել անվտանգ այլընտրանքների կիրառման հնարավորությունները և պատասխանել մասնակիցների հարցերին։ Հանդիպումների շրջանակում համայնքների ներկայացուցիչներին տրամադրվել են բազմակի օգտագործման էկոպայուսակներ։
Նախաձեռնության նպատակն է խրախուսել մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների փոխարինումը բազմակի օգտագործման այլընտրանքներով, ինչպես նաև ձևավորել առավել պատասխանատու սպառողական վարքագիծ։ Միաժամանակ այն ուղղված է օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ շահագրգիռ կողմերի իրազեկվածության բարձրացմանը, դրանց սահուն կիրարկման ապահովմանը և պետական, տեղական ինքնակառավարման ու մասնավոր հատվածների միջև համագործակցության ամրապնդմանը









