Երևանում գտնվող Աղի լճի տարածքը ոչ թե քանդվում է, այլ բարեկարգվում։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը` անդրադառնալով մամուլում և սոցցանցերում տարածված այն լուրերին, թե Աղի լճի տարածքը քանդում են։
Երեկվանից սոցցանցերում մարդիկ ահազանգում են, որ քաղաքապետարանի կողմից «տենդեր շահողները» սկսել են քանդել Աղի լճի հարակից եղեգնուտը, որը բնական ֆիլտր է լճի համար, և ենթադրել են, որ դրա փոխարեն «կաֆել-մետլախ» է լինելու։
«Քաղաքացիների խնդրանքով և թաղապետի առաջարկով քաղաքապետարանին է ներկայացվել բարեկարգման նախագիծ, որը դրական արձագանք է ստացել քաղաքապետի կողմից։ Բարեկարգման մրցույթի նախագիծ է կազմվել: Հաղթող ընկերությունը տարածքը բարեկարգելու է, լինելու է լուսավորություն, գործելու են բիոզուգարաններ և այլն։ Տասնամյակներով տարածքը եղել է անտերության մատնված, այն դեպքում, երբ այդքան այցելու կա տարվա ընթացքում»,–ասաց Ազարյանը։
Նրա խոսքով` առաջիկայում առավել մանրամասն տեղեկություն կտարածեն։
Սոցցանցերում օգտատերերը դժգոհում են քաղաքապետարանի աշխատանքից` ընդգծելով, որ մարդիկ տասնամյակներ շարունակ գալիս են Աղի լիճ, որպեսզի վայելեն այն, ինչը տրված է բնության կողմից, իսկ քաղաքապետարանը պետք է բարեկարգի լճից դուրս հատվածները՝ չխաթարելով լճի էկոհամակարգը։









