ԱՄՆ-ն օգտագործում է իր ծրագրերի ողջ ներուժը՝ Հայաստանին աջակցելու ռազմական բարեփոխումների գործընթացում, հայտարարել է պաշտպանության նախարարի օգնական Էնդրյու Լումիսը հայ-ամերիկյան պաշտպանական խորհրդակցությունների ժամանակ, որոնք տեղի են ունեցել Երևանում։
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ խորհրդակցություններին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Փոլ Շնայդերը և Պենտագոնի տարբեր գործակալությունների ներկայացուցիչներ։
«Ամփոփվել են վերջին տարիներին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև պաշտպանական համագործակցության շրջանակներում իրականացված ծրագրերի արդյունքները։
Լումիսը նշել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել Հայաստանի պաշտպանական բարեփոխումներին՝ օգտագործելով իր ծրագրերի ողջ ներուժը՝ խորհրդատվություններ տրամադրելու, փորձի փոխանակման և այլ ոլորտներում», – ասվում է հայտարարության մեջ։









