Սեպտեմբերի 19-ին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում՝ «Crypto.com» արենայում, կկայանա UFC 331 խոշոր մրցաշարը։ Մրցաշարի համագլխավոր իրադարձությունը կլինի թեթև քաշային կարգում Արման Ծառուկյանի և բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի դիմակայությունը։
Մարտից առաջ կայացած պաշտոնական կշռման արարողության ժամանակ երկու մարզիկներն էլ բարեհաջող տեղավորվել են իրենց քաշային կարգի լիմիտի մեջ։ 29-ամյա Ծառուկյանի քաշը կազմել է 70,76 կգ (70,7 կգ), իսկ 30-ամյա բրազիլացին փոքր-ինչ ավելի թեթև է եղել՝ 70,31 կգ (70,3 կգ)։ Կշռմանը հաջորդած հայացքների ավանդական մենամարտն անցել է բավականին լարված մթնոլորտում, որի ժամանակ մարտիկների միջև նույնիսկ հրմշտոց և քաշքշուկ է տեղի ունեցել։
Ազատ ոճի ըմբշամարտի և խառը մենամարտերի (MMA) սպորտի վարպետ, թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակում 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Ծառուկյանն օկտագոն է վերադառնում տասնամսյա դադարից հետո։ Նա իր վերջին մենամարտն անցկացրել է 2025 թվականի նոյեմբերի 22-ին Կատարում, որտեղ երկրորդ ռաունդում խեղդող հնարքով տպավորիչ հաղթանակ է տարել նորզելանդացի Դեն Հուկերի նկատմամբ՝ գրանցելով իր 5-րդ անընդմեջ հաջողությունը։ Պրոֆեսիոնալ մակարդակում Ծառուկյանն ընդհանուր առմամբ անցկացրել է 26 հանդիպում՝ տոնելով 23 հաղթանակ (15-ը՝ ժամկետից շուտ) և կրելով 3 պարտություն։ Նշենք, որ հայ մարտիկը պրոֆեսիոնալ նորամուտը նշել է 2015 թվականի սեպտեմբերին, իսկ UFC-ում հանդես է գալիս 2019-ի ապրիլից:
Նրա մրցակիցը՝ Մաուրիսիո Ռուֆին նույնպես հիանալի մարզավիճակում է և այս մարտին մոտենում է վաղաժամ հաղթանակների տպավորիչ շարքով։ Բրազիլացին պրոֆեսիոնալ կարիերայում ունի 14 հաղթանակ, որից 13-ը՝ նոկաուտով և 2 պարտություն։ Միայն 2026 թվականի ընթացքում նա հասցրել է արդեն երկու անգամ մտնել օկտագոն. սկզբում երկրորդ ռաունդում ժամկետից շուտ հաղթել է Ռաֆայել Ֆիզիևին, իսկ հունիսին՝ առաջին ռաունդի 4:29 րոպեին, դաժան նոկաուտի է ենթարկել տիտղոսի նախկին հավակնորդ Մայքլ Չենդլերին։
Հավելենք, որ UFC 331 մրցաշարի գլխավոր իրադարձությունը կլինի թեթևագույն քաշային կարգի գործող չեմպիոն Ջոշուա Վանի և տիտղոսի նախկին դափնեկիր Ալեշանդրե Պանտոժայի ռևանշ մենամարտը։









