ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․
«2027 թվականի հունվարի 1-ից պետական պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան։
Կաճեն ՀՀ նախագահի, վարչապետի, նախարարների, պատգամավորների, դատախազների և մարզպետերի աշխատավարձերը։
Ու սա այն դեպքում, երբ 2024 թվականի պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում աղքատության մակարդակը կազմում է 21,7 տոկոս, երբ աղքատ է համարվում ամեն չորրորդ երեխան, երբ հազարավոր ընտանիքներ շարունակում են ապրել սոցիալական ծանր պայմաններում, իսկ մարդիկ կանգնած են տարրական կարիքները հոգալու խնդրի առաջ։
Իհարկե, ոչ ոք դեմ չէ, որ պետական պաշտոնյաները ստանան բարձր աշխատավարձ։
Բայց աղքատության նման ցուցանիշի պարագայում արդյո՞ք առաջին հերթին պետք չէ մտածել սոցիալական խնդիրների լուծման, նոր աշխատատեղերի ստեղծման և մարդկանց արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ պայմաններով ապահովման մասին։
Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանի պետական պարտքն արդեն իսկ գերազանցում է 14 միլիարդ դոլարը։ Հազարավոր արցախցիների համար շարունակում են գերխնդիր մնալ կացության, բնակարանի, աշխատանքի հարցերը։ Հարյուրավոր մարդիկ դեռևս ապրում են վագոն տնակներում, շատ հայրենակիցներ խանութներից պարտքով սնունդ են խնդրում։
Ակնհայտ է, որ այս որոշման հիմքում նաև պետական համակարգը լոյալ պահելու քաղաքական հաշվարկ կա։









