Foto

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Տավուշի մարզի դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Ոսկեվան համայնքի 2-րդ փողոց 21 հասցեում գտնվող նախկին մանկապարտեզի շենքի օտարման իրավաչափությունը: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։

«Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՍՊ ընկերության տնօրենը Տավուշի մարզի Ոսկեվան համայնքի 2-րդ փողոց 21 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքին տիրանալու դիտավորությամբ, 2014 թվականին համայնքի իրավասու պաշտոնյաներին է ներկայացրել ՍՊ ընկերության կողմից նշված մանկապարտեզի շենքի տարածքում գարեջրի արտադրամաս հիմնելու վերաբերյալ կեղծ տեղեկություն: Համաձայն կեղծ տեղեկության՝ ՍՊ ընկերությունն առաջին մեկ տարվա ընթացքում կատարելու էր 300 հազար եվրո ներդրում, իսկ արտադրամասը գործելու էր առնվազն 10 տարի՝ մինչև 2024 թվականը:

Վերոնշյալ ներդրումային ծրագրի հիման վրա՝ մանկապարտեզի շենքը 2014 թվականի հոկտեմբերի 1-ին Ոսկեվան համայնքի ավագանու և ղեկավարի որոշումներով՝ նվիրատվությամբ հանձնվել է ՍՊ ընկերությանը, սակայն որոշումներում նշված պայմանները չեն կատարվել, մանկապարտեզի շենքը խաբեությամբ հափշտակվել է:

Տավուշի մարզի դատախազությունը 2026 թվականի օգոստոսի 28-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ՍՊ ընկերության՝ Տավուշի մարզի Ոսկեվան համայնքի 2-րդ փողոց 21 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքի նվիրատվությունը վերացնելու և դրանից բխող իրավական հետևանքներ կիրառելու պահանջներով:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի սեպտեմբերի 8-ի որոշմամբ, հայցադիմումն ընդունվել է վարույթ, կիրառվել է հայցի ապահովման միջոց՝ արգելելով ՍՊ ընկերությանը կատարել ցանկացած գործողություն, որը կհանգեցնի գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության, այդ թվում՝ գույքը ցանկացած եղանակով օտարելը կամ գրավադրելը»,- ասվում է հաղորդագրության մեջ: