Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2027 թվականի փետրվար 8-ից գործողության մեջ է դրվելու «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն՝ շահումով խաղ է համարվում ռիսկի վրա հիմնված՝ շահելու հնարավորություն ընձեռող ցանկացած մեքենայացված խաղը (ծրագրավորված և (կամ) մեխանիկական խաղերի անցկացման համար նախատեսված խաղային արտադրանքով անցկացվող խաղը), որի ժամանակ շահողը որոշվում է այդ արտադրանքում պարունակվող հատուկ ծրագրի և (կամ) մեխանիկական համակարգի միջոցով` խաղացողի անմիջական կամ ոչ անմիջական մասնակցությամբ։ Նշված իրավակարգավորման շրջանակում շահումով խաղ է համարվում նաև «խվատայկաների» կամ նմանատիպ սարքավորումների միջոցով կազմակերպվող խաղը։
Հայաստանի Հանրապետությունում շահումով խաղի կազմակերպումը հանդիսանում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ։
Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է՝ 2027 թվականի փետրվարի 8-ից «խվատայկաների» կամ նմանատիպ սարքավորումների միջոցով իրականացվող խաղերը կազմակերպել բացառապես համապատասխան լիցենզիայի առկայության և օրենքի պահանջների պահպանմամբ։









