ԱՄՆ-ի Դրեքսելի համալսարանի գիտնականները պարզել են, որ երաժշտության՝ ցավը մեղմելու ազդեցությունը կարող է պայմանավորված լինել ոչ միայն ուշադրությունը ցավից շեղելով։ Կարևոր դեր են խաղում նաև երաժշտությունից ստացվող հաճույքը, երգը սեփական ընտրությամբ լսելը և երաժշտության մեջ ակտիվ ներգրավվածությունը։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են PAIN Reports գիտական ամսագրում։
Գիտնականներն ուսումնասիրել են նախկինում իրականացված 57 հետազոտությունների արդյունքները և պարզել, որ երաժշտությունից ստացվող հաճույքի ավելացմանը զուգահեռ ուժեղանում է նաև ցավազրկող ազդեցությունը։
Փորձերից մեկի ընթացքում մասնակիցները նույն ուշադրությամբ լսել են հաճելի և տհաճ երաժշտություն։ Սակայն ցավի նվազում արձանագրվել է միայն հաճելի երաժշտություն լսելու ժամանակ։ Այլ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ երաժշտությունը կարող է նվազեցնել ցավի զգացողությունը նույնիսկ այն դեպքում, երբ այն միացվում է ցավային ազդեցությունից առաջ։
Հետազոտողները նաև կարևորել են երաժշտության ընտրության հնարավորությունը։ 51 մասնակցի մասնակցությամբ փորձի ժամանակ մարդիկ ձեռքը պահել են սառցե ջրի մեջ։ Նրանք, ովքեր հնարավորություն են ունեցել ինքնուրույն ընտրել երաժշտությունը, ավելի երկար են դիմացել ցավին և այն ավելի թույլ են գնահատել։ Ամենաարտահայտված արդյունքը գրանցվել է այն մասնակիցների մոտ, որոնց իսկապես դուր է եկել իրենց ընտրած երաժշտությունը։
Պարզվել է նաև, որ երաժշտության ակտիվ ուղեկցումը կարող է ավելի արդյունավետ լինել, քան պարզապես այն լսելը։ Հետազոտություններից մեկում մասնակիցները ռիթմին համապատասխան թակել են, ինչն ավելի լավ արդյունք է տվել, քան երաժշտությունը միայն լսելը։ Մեկ այլ փորձի ժամանակ ընտրված երգը երգելը նույնպես օգնել է ավելի լավ հաղթահարել ցավը։
Նեյրովիզուալիզացիայի տվյալները ցույց են տալիս, որ երաժշտությունը կարող է ազդել ոչ միայն ցավային ազդանշանների սկզբնական մշակման հետ կապված ուղեղի հատվածների, այլև այն կառույցների վրա, որոնք մասնակցում են ցավի նկատմամբ հուզական և ճանաչողական արձագանքի ձևավորմանը։
Միևնույն ժամանակ, գիտնականները նշել են հետազոտության սահմանափակումները։ Ուսումնասիրությունների մեծ մասն իրականացվել է առողջ մարդկանց շրջանում և կարճատև, լաբորատոր պայմաններում առաջացրած ցավի դեպքում։ Հետևաբար դեռևս հնարավոր չէ հստակ ասել, թե որքան արդյունավետ կլինի երաժշտության ազդեցությունը քրոնիկ կամ ծանր ցավերի դեպքում։









