Foto

Ադրբեջանը ծրագրում է Նախիջևանով էլեկտրաէներգետիկ կապ հաստատել Թուրքիայի հետ

Բաքվում ընթացող Ադրբեջան-Թուրքիա 5-րդ էներգետիկ ֆորումի ընթացքում Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքով» նախատեսվում է էլեկտրահաղորդալար անցկացնել Նախիջևանի և Թուրքիայի միջև: Նախարարի խոսքով՝ ծրագիրը սոսկ երկկողմ ենթակառուցվածք չէ, այլ կարող է վերածվել Կենտրոնական Ասիա-Ադրբեջան-Թուրքիա էներգետիկ կամրջի։

Շահբազովն ընդգծել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը նավթի ու գազի ոլորտից ընդլայնվում է դեպի էլեկտրաէներգետիկա և կանաչ էներգիա: Նա նշել է, որ ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով մատակարարվում է տարբեր շուկաներ, և մինչ օրս Թուրքիա է փոխադրվել 130 մլրդ խմ գազ: Ընթացիկ տարվա առաջին 8 ամսում Թուրքիա է արտահանվել 6.2 մլրդ, Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա՝ 7.5 մլրդ, իսկ Սիրիա՝ 1 մլրդ խմ ադրբեջանական գազ:

Անդրադառնալով նոր նախագծերին՝ Ադրբեջանի էներգետիկայի նախարարը հայտնել է, որ շարունակվում են Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Բուլղարիա էներգետիկ միջանցքի ստեղծման աշխատանքները: Նա նաև հավելել է, որ Թուրքիայի ներգրավումը Կասպից-Սև ծով-Եվրոպա կանաչ էներգետիկ միջանցքում օրինաչափ է, իսկ կողմերի միջև փոխգործակցության նոր ուղղություններ են դառնում էլէներգիան, արհեստական բանականությունը և թվայնացումը:

Աղբյուրը՝ Ermenihaber.am։